Business Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ 2-3 տարի անց Վրաստանը կզգա էլեկտրաէներգիայի նոր ռեսուրսների կարիք.
«Շատ շուտով անհրաժեշտ կլինի կառուցել խոշոր հիդրոէլեկտրակայաններ, քանի որ էլեկտրաէներգիայի սպառումն աճում է տարեցտարի: Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի այն աճել է 9 տոկոսով:
Նրանք, ովքեր պլանավորել են կառուցել խոշոր հիդրոէլեկտրակայաններ, պետք է փաստաթղթեր ներկայացնեն, թե դրանց կառուցումը ինչպիսի վնաս կարող է պատճառել բնապահպանությանը: Բնականաբար, ամեն ինչ պետք է համապատասխանի բնապահպանական չափորոշիչներին: Նախարարությունը շուտով կհայտնի իր մոտեցումը խոշոր հիդրոէլեկտրակայանների կառուցման վերաբերյալ»:
Հիշեցնենք, որ էներգետիկայի նախարարի պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո Կալաձեն հայտարարել էր, որ Վրաստանը չի կառուցելու խոշոր հիդրոէլեկտրակայաններ և կենտրոնանալու է փոքր ու միջին հիդրոէլեկտրակայանների կառուցման վրա:









































