Պաշտոնական Բաքուն ուրվագծել է ադրբեջանական պետության թշնամիների շրջանակը: Ցուցակը մեծ չէ: Թիվ մեկ թշնամի է անվանվել հայկական լոբբին, իսկ երկրորդ տեղում հակաադրբեջանական կենտրոնն է՝ «իսլամաֆոբիայով վարակված կառույցներն ու շրջանակները»: Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը,- փոխանցում է «Նեզավիսիմայա Գազետան»:
Ալիևը «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության ստեղծման 20-ամյակի առիթով ունեցած ընդունելության ժամանակ հայտարարել է. «Հայաստանն ինքնին… փաստացի հանդիսանում է արտերկրից ղեկավարվող տարածք՝ արհեստականորեն ստեղծված հնագույն ադրբեջանական հողերի վրա»: Ալիևը հավաքվածների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «այդ թշնամության աղբյուրը հանդիսանում է Ադրբեջանի հանդեպ հայկական լոբիի սկզբնական թշնամանքը»:
Ադրբեջանի թիվ երկրորդ թշնամի է նախագահն անվանել իսլամաֆոբիայով վարակված միջազգային կառույցներն ու շրջանակները, որոնց թիվը մշտապես աճում է: Ալիևի կարծիքով՝ իսլամաֆոբիա ունեցող ուժերի վարկանիշի աճը ցույց է տալիս որոշ երկրներում ընտրությունների արդյունքները:
«Ադրբեջանը, որպես երիտասարդ, դինամիկ զարգացող, անկախ քաղաքականություն վարող ժամանակակից մուսուլմանական երկիր նրանց համար խնդիր է դարձել, և դա չի տեղավորվում նրանց կարծրատիպերում՝ աշխարհում ցույց տալ մուսուլմաններին որպես հետամնաց ժողովուրդ»:
«Մենք պետք է ապացուցենք և կապացուցենք, որ մուսուլմանական աշխարհում կա զարգացում, ժամանակին համահունչություն, բարեգթություն, հանդուրժողականություն, երևույթներ, որոնք արդեն չեն բավարարում որոշ երկրներում»,- հայտարարել է Ալիևը՝ հավելելով, որ «Ադրբեջանը ցույց է տալիս օրինակ առ այն, թե ինչպես կարող են տարբեր ժողովուրդների և կրոնների ներկայացուցիչները ապրել կողք-կողքի՝ ընկերության և եղբայրության մթնոլորտում»:










































