Քեմբրիջի համալսարանի գիտնականներին հաջողվել է կասեցնել կաթվածի զարգացման գործընթացը շների մոտ՝ նրանց ներարկելով քթերի լորձաթաղանթից ստացված բջիջներ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հետազոտողներն արդեն հույս են հայտնել, որ վերջնական արդյունքում այդ տեխնոլոգիան կարող է կարևոր դեր խաղալ մարդկանց նմանատիպ վնասվածքների բուժման դեպքում:
Փորձարկումներին մասնակցած բոլոր տնային կենդանիներն ունեցել են ողնաշարի վնասվածքներ, որոնց հետևանքով հաշմվել են հետևի ոտնաթաթերը: Անցկացված հետազոտությունը եղել է առաջինը, ինչի շրջանակում բջիջները փոխպատվաստվել են «իրական կյանքում» վնասվածքներ ստացած, այլ ոչ թե լաբորատոր պայմաններում ապրող կենդանիներ:
34 տնային կենդանիներից 24-ին այդ բջիջները փոխպատվաստել են ողնաշարի վնասված տեղում, իսկ մյուսներին ներարկել են նեյտրալ հեղուկ:
Շատ շներ, որոնց փոխպատվաստել են քթի լորձաթաղանթի բջիջներ, զգալիորեն լավացել են ու ի վիճակի են եղել քայլել վազող սարքի վրայով առանց գոտիների:
«Մեր արդյունքները չափազանց գրավիչ են, քանի որ դրանք առաջին անգամ ցույց են տվել, որ այդ տիպի բջիջների փոխպատվաստումը կարող է հանգեցնել զգալի լավացման»,- ասել է ցողունային բջիջների պատվաստման Wellcome Trust-MRC ինստիտուտի կենսաբաններից ու հետազոտական աշխատանքում ներգրավված գիտնականներից պրոֆեսոր Ռոբին Ֆրանկլինը:
MRC ինստիտուտի գիտնականները համոզված են, որ մշակված տեխնոլոգիան կենսական կարևոր նշանակություն ունի մեջքի վնասվածք ունեցող մարդկանց համար, որոնք կորցրել են իրենց սեքսուալ գործառույթն ու ողնաշարի և միզապարկի նորմալ աշխատանքը:








































