ԱՄՆ իշխանությունները Մյանմարին կտրամադրեն 170 մլն դոլար օգնություն: Այս մասին Մյանմար կատարվելիք իր այցի նախօրեին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Միաժամանակ, ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, Մյանմարում իր գործունեությունը կծավալի ամրերիկյան Միջազգային զարգացման գործակալությունը(USAID):
Ենթադրվում է, որ գումարը կփոխանցվի 2 տարվա ընթացքում և կուղղվի քաղաքացիական հասարակության, ժողովրդավարական ինստիտիուտների զարգացման, կրթության բարելավման ծրագրերին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր ժամանել է Մյանմար՝ երկրորդ ժամկետում վերընտրվելուց հետո առաջին արտասահմանյան շրջագայության շրջանակում:
Մյանմարի նոր կառավարությունը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցի նախօրեին հայտարարել է ժողովրդավարացման քաղաքականություն սկսելու մասին, որի շրջանակում ազատ են արձակվել հարյուրավոր քաղբանտարկյալներ, իսկ ԶԼՄ-ների և հավաքների ազատության մասին օրենքներն ազատականացվել են, հաղորդում է BBC-ն:
Այցը ամերիկյան իշխանությունների կողմից ասիական այդ երկրում բարեփոխումների աջակցման նշան է, և կդառնա ԱՄՆ նախագահի՝ պատմության մեջ առաջին այցը Մյանմար:
Իր այցի շրջանակում Օբաման կհանդիպի երկրի նախագահ Տեյն Սեյնի հետ և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժիի հետ:
Մյանմարում ԱՄՆ նախագահը կանցկացնի շուրջ 6 ժամ, որից հետո կուղևորվի Կամբոջա՝ Ասիայի հարավարևելյան պետությունների ասոցացիայի՝ ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին:








































