ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները ջանքներ են ձեռնարկում, որպեսզի ճնշեն Իսրայլին Գազայի հատված ցամաքային օպերացիա թույլ չտալու նպատակով:
Ավելի վաղ իսրայելական կառավարության ներկայացուցիչը հերթական անգամ հայտարարել էր, որ «Ամպի սյուն» օպերացիան կընդլայնվի և կհամալրվի ցամաքային օպերացիայով, եթե ՀԱՄԱՍ-ը երկար ժամկետով կրակի դադարեցման երաշխիքներ չտա:
Չնայած նրան, որ Բարաք Օբաման խոսքերով աջակցում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը, նրա վարչակազմն անում է ամեն ինչ, ոպեսզի թույլ չտա ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական օպերացիայի արդյունավետության ուժեղացում՝ գրում է The New York Times-ը: Ցամաքային օպերացիայի դեմ որպես փաստարկ բերվում է այն, որ դա անխուսափելիորեն կհանգեցնի Գազայում, «պաղեստինյան փողոցում» և արաբական աշխարհում ՀԱՄԱՍ-ի ազդեցության ուժեղացմանը: Ներխուժումը կհանգեցնի նաև Գազայի հատվածի խաղաղ բնակչության շարքում բազմաթիվ զոհերի, ինչը ցանկալի չէ:
Երեկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ զրույցի ժամանակ խոստացել էր Գազայում կրակը դադարեցնել առաջին իսկ հնարավորության դեպքում:
Rosbalt-ը գրում է, որ հակամարտության 5-րդ օրը՝ նոյեմբերի 18-ին, Գազայի հատվածում իսրայելական կողմի ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 47 մարդ, այդ թվում 12-ը՝ երեխա: Օդային հարվածների հետևանքով վիրավորվել է ավելի քան 300 մարդ:







































