ՆԱՏՕ-ն ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ նոր բազաներ չի բացի Ռումինիայում: Այս մասին հայտարարվել է հանրապետական սենատորներ Ջոն Մակքեյնի, Ռոն Ջոնսոնի և դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆիի Բուխարեստ այցից հետո, հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով ռումինական «Գինդուլ» պարբերականին:
Պարբերականի տեղեկացմամբ՝ «ամերիկացի սենատորները հաստատել են ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ դաշինքի արևելյան սահմաններին ռազմական ներկայությունն ուժեղացնելու անհրաժեշտությունը, բայց չեն աջակցել երկրում մշտական ռազմաբազայի ստեղծման գաղափարը»:
«Տարածաշրջանում արդեն կան բազաներ, որոնք մենք կարող ենք օգտագործել համատեղ օպերացիաների ժամանակ: Մենք ծախս չենք անի դպրոցների, հոսպիտալների և այլ ենթակառույցների շինարարության վրա, ինչպես ավանդական բազաներում, որոնց մասին մենք գիտենք սառը պատերազմի ժամանակներից, քանի որ դրանց անհրաժեշտությունը չկա»,- նշել է Մակքեյնը:
Անցած ամիս Ռումինիայում ռումինա-ամերիկյան մի քանի զորավարժություն է անցկացվել, որոնցից մի շարքը՝ Ուկրաինայի հետ սահմանին մոտ պոլիգոններում:









































