ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հունիսի 9-ին ԱԺ-ում Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից հետաքրքրվեց՝ արդյոք Լանջիկ – Գյումրի ճանապարհի մի հատվածի համար հատկացվելիք 60 մլն եվրո վարկը տրանշ է, թե՞ նոր վարկ, այն մտնու՞մ է մայր գումարի մեջ, թե լրացուցիչ գումարվելու է դրան: Մարգարյանը ևս անդրադարձավ Բավրայի ճանապարհահատվածին, նշեց, որ գարնանից ինչ-որ անհասկանալի ավազ է լցվում այդ հատվածում:
«Այդ փոսերը, բառի բուն իմաստով, անհասկանալի ծախսեր են, հիմա անգամ փոսային նորոգումը վերապահումով պետք է ասել: Ինչու՞ չսկսել այդ տեղից: Ես հասկացա, որ էս տարի մեր քաղաքացիները պիտի յոլա գնան այդ քարուքանդ ճանապարհով, չեք հասցնելու ոչինչ անել: Ինչու՞: Ով որ տալիս է, ասու՞մ է՝ որ հատվածի համար է տալիս գումարը: Ինչո՞վ է պայմանավորված աշխատանքի կազմակերպումն այնպես, որ տարիներով մենք որոշակի միակողմանի ճանապարհով ենք երթևեկում, և երբեմն՝ բավական մեծ խցանումներով, ինչու՞ հնարավոր չէ ավարտել մի հատվածը և նոր անցնել մյուսին»,- հետաքրքրվեց նա:
Առաքելյանը նշեց, որ տրանշն ուղղակի ծրագրի մի հատված է, իրենք ընդհանուր մայր գումարը ձևակերպմամբ չեն գերազանցում, դա նոր վարկ է, բայց ընդհանուր քարտեզի շրջանակում քննարկված գումարի մի հատվածն է: Փոխնախարարի խոսքով՝ փուլ առ փուլ կատարվում են նախագծային – նախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ և վերջնական ստանում են այն գումարը, որի շրջանակում շարունակելու են: Նա տեղեկացրեց, որ Երևանի հարակից հատվածներից սկսել են, շարունակում են երկու ուղղությամբ՝ հյուսիս և հարավ:
Առաքելյանը նաև անդրադարձավ Բավրայի հատվածին: «Այո, ճանապարհը վատ վիճակում է, որովհետև մեծ կապիտալ ներդրում է նախատեսվում էդ ոլորտում, և արդեն մի քանի տարի անց կունենանք եվրոպական A կլասի ճանապարհ, ապա մեր սակավ բյուջեից փորձում ենք այդտեղ ներդրումներ չունենալ, սակայն նախարարության ուշադրության կենտրոնում է այդ հատվածը»,- ասաց նա:









































