Եվրոպան ՌԴ-ին կուզենար տեսնել Արևմուտքի դաշնակից, այլ ոչ նրա հակառակորդ, ZN.UA-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին:
«Եվրոպան չէր ուզում և չի ուզում ՌԴ-ի հետ հակամարտության սրում: Առավել ևս, որ Ռուսաստանը բավական շատ ներքին խնդիրներ ունի և կարող էր իր ողջ էներգիան օգտագործել սեփական ժողովրդի ճակատագրի վիճակի լավացմանը»,- նշել է Սիկորսկին:
«Բայց եթե ՌԴ-ն ընտրի մեզ հետ հակամարտության ուղին, ապա նա, ինչպեսև նախորդ անգամ (նկատի ունի ԽՍՀՄ-ի փլուզումը- ZN.UA-ի խմբ.), կպարտվի: Քանի որ ԵՄ-ՌԴ ուժերի հարաբերակցությունը 8:1 է, իսկ ՆԱՏՕ-ՌԴ-ն՝ 16:1»,- նշել է նա:
«Այո, մենք կուզենայինք ՌԴ-ին Արևմուտքի դաշնակից տեսնել, այլ ոչ նրա հակառակորդ: Բայց Ռուսաստանը մեծ երկիր է, և նա ինքն ավելի լավ գիտի՝ որտեղ են իր շահերը: Չնայած Զբիգնև Բժեզինսկին ասել է, որ Ռուսաստանը կարող է լինել կա՛մ Արևմուտքի դաշնակիցը, կա՛մ Չինաստանի վասալը»,- եզրափակել է նա:










































