Ռուսաստանի քննչական կոմիտեն չի բացառում 2008-ին Հարավային Օսիայում իրադարձությունների համար Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և մի քանի նախկին բարձրաստիճան վրացի պաշտոնյաների դեմ միջազգային հետախուզման հայտարարումը: Այս մասին ITAR-TASS-ին հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
«Քննության տվյալներով՝ Վրաստանի նախկին բարձրաստիճան անձինք, այդ թվում՝ նախագահ Սաակաշվիլին, պաշտպանության նախարար Կեզերաշվիլին, ներքին գործերի նախարար Մերաբիշվիլին և այլք, իրենց առջև նպատակ էին դրել լիովին ոչնչացնել Հարավային Օսիայի տարածքում բնակվող օսերին»,- ասել է Մարկինը:
Նա հիշեցրել է, որ նախկինում նշված անձինք միջազգային անձեռնմխելիություն են ունեցել քրեական հետապնդումից, սակայն նոր իշխանությունների հայտնվելը զրկել է նրանց պաշտոններից, ինչի առնչությամբ դիտարկվում է նրանց դեմ միջազգային հետախուզում հայտարարելու հարցը:











































