Թշնամին ոչ մի կերպ չի կարողանում իր դիվանագիտական ոլորտում կրած պարտությունները մարսել, տեղ հասցնել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանային վերջին միջադեպերին` նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: «Մենք օրը ցերեկով տեսնում ենք, որ անմեղ մեր զինվորները, մեր սահմանապահները զոհվում են: Սա ցավալի փաստ է, մենք պետք է ընդամենը զգոն լինենք, և նմանատիպ դեպքերը շարունակվելու դեպքում, կարծում եմ, պետք է ունենան արժանի հակադարձում, որովհետև օրը ցերեկով երկու երիտասարդների, երկու ընտանիքի արու զավակների կորուստը որևիցե հայի համար ընդունելի չէ»,- ասաց նա:
Սահակյանի խոսքով` պետք է միշտ հիշել` թշնամին չի քնել, արթուն է և փորձում է սադրել, այսինքն` պետք է կարողանալ նաև որոշակի առումով վեր կանգնել այլ խնդիրներից և պատրաստ լինել անգամ պատերազմի: Միջազգային հանրության դերն ու գնահատականները կարևորելով հանդերձ` ԱԺ պատգամավորը միաժամանակ նշեց. «Մենք տեսնում ենք, որ դրական… այսինքն` ոչ թե դրական, այլ օբյեկտիվ որևէ գնահատական չի հնչում նմանատիպ դեպքերում, ուստի որպեսզի նույն Խրիմյան Հայրիկի «թղթե շերեփի» պատմությունը չդառնա, մենք ինքներս պետք է պաշտպանենք մեզ և հույսներս դնենք մեզ վրա»,- ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում:









































