Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ուկրաինական կառավարությանը կոչ է արել զերծ մնալ ռուսամետ անջատողականների դեմ ոչ ադեկվատ ռազմական գործողություններից, իսկ Մոսկվայից պահանջել է իր ներդրումն ունենալ Ուկրաինայում իրավիճակի կայունացման գործում: Այս մասին գերմանական դիվանագիտության ղեկավարը հունիսի 7-ին հայտարարել է Der Tagesspiegel պարբերականի լրագրողներին:
Շտայնմայերը ենթադրում է, որ իրավիճակի այսօրվա լարվածության պայմաններում «խելացի կլիներ ռազմական միջոցները կիրառել զգուշորեն և չափի զգացումով»: «Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունները չպետք է հանգեցնեն նրան, որ անջատողականները ստանան ավելի մեծ աջակցություն»,- ԱԳ նախարարի խոսքերն է մեջբերում գերմանական պարբերականը:
Միևնույն ժամանակ Շտայնմայերը Ռուսաստանից պահանջել է իր ներդրումն ունենալ Ուկրաինայում իրավիճակի կայունացման գործում: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ «Մոսկվան պաշտոնապես աջակցի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ շրջանցելով անջատողականության բոլոր ձգտումները»: Ինչպես նկատել է Շտայնմայերը, ուկրաինական հակամարտության մեջ Ռուսաստանի պահվածքը «նկատելիորեն փոխվել է»:










































