Մարշալյան կղզիների ԱԳ նախարար Թոնի դե Բրումը ՄԱԿ-ում կլիմայական փոփոխությունների հարցով հանդիպումների կուլիսներում հայտարարել է, որ Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման պատճառով ծովի հատակից ավելի հաճախ են սկսել վեր բարձրանալ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների աճյունները:
Japan Times-ի հաղորդմամբ՝ բարձրաստիճան դիվանագետը պատմել է, որ փետրվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում Սանտո կղզու ափերի մոտ ջրի բարձրացման հետևանքով հայտնաբերվել են 26 մարդու աճյուններ:
Բրումը տեղեկացրել է, որ, ամենայն հավանականությամբ, դրանք ճապոնացի զինվորներ են: Դրանցից մի քանիսը վեր են բարձրացել դագաղներով:
Վերջին ամիսներին ալիքները ափ են դուրս բերել չպայթած ռումբեր և զինամթերք:
Կլիման հետազոտողների խոսքերով՝ վերջին հարյուրամյակում Համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրացել է 19 սմ-ով:









































