ԱՄՆ-ում աճուրդի են դրվել Ուոլթ Դիսնեյի դասական մուլտֆիլմերից կադրեր: Այս մասին պատմել են աճուրդը կազմակերպող Heritage աճուրդի տան աշխատակիցները՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Նրանց խոսքով՝ աճուրդի մարգարիտը կլինի «Միկիի սուպերսերվիս» (Mickey’s Service Station) մուլտֆիլմի ֆոնն ու ցելյուլոիդային թափանցիկ ժապավենի վրա փոխադրված կադրը:
1935 թվականին թողարկված անիմացիոն այս մուլտֆիլմը համարվում է ամերիկացի մուլտիպլիկատորի վերջին սև-սպիտակ աշխատանքը: Ցուցադրված կադրում պատկերված են ավտոմեքենայում նստած Միկին և նրան օգնել փորձող Գուֆին:
Աճուրդի կազմակերպիչները ակնկալում են լոտի դիմաց ստանալ ավելի քան 60 հազար դոլար:
Աճուրդի են դրվել նաև կադրեր «Ուիլլիի շոգենավ»-ից (Steamboat Willie) և «Իմաստուն հավ»-ից (The Wise Hen)՝ աշխատանքներ, որտեղ առաջին անգամ երևացել է Դոնալդ Դաք բադիկը:












































