Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Ֆրանսիայի 200 քաղաքացու նկատմամբ, որոնց կասկածում են Սիրիայում արմատական իսլամիստական խմբավորումների շարքերից մարտական գործողությունների մասնակցելու համար: Այս մասին հայտնում է ֆրանսիական RTL ռադիոկայանը:
Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ ներկայումս մոտ 300 ֆրանսիացի զինված պայքար է մղում սիրիացի ծայրահեղականների կողմից, ովքեր փորձում են տապալել նախագահ Բաշար Ասադին:
Ֆրանսիական իշխանությունները մտադիր են միջոցառումներ իրականացնել՝ խոչընդոտելու նման մարդկանց մուտքը Սիրիա, իսկ եթե նրանք արդեն գտնվում են այնտեղ, նրանց հայրենիք վերադարձնել:
Իրավապահ մարմինները փաստում են զինված խմբավորումների շարքերում կռվելու ուղևորվող ֆրանսիացիների թվի աճ: Ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը մտավախություն է հայտնել, որ Սիրիայից վերադառնալով՝ իսլամիստները կարող են ահաբեկչություններ կազմակերպել արդեն Ֆրանսիայի տարածքում:
Ներպետական ահաբեկչության թեման հատուկ նշանակություն է ձեռք բերել այն բանից հետո, երբ Մարսելում ձերբակալվեց արաբական ծագումով 29-ամյա ֆրանսիացի Մեհդի Նեմուշը, որը կասկածվում է մայիսի 24-ին Բրյուսելի կենտրոնում՝ Հրեական թանգարանի պատերի մոտ, 4 մարդու սպանության համար:











































