Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համատեղ ընթրիքի ժամանակ հինգշաբթի քննարկել են Ուկրաինայի եվրաինտեգրումն ու նրա տնտեսական համագործակցությունը ԵՄ-ի հետ: Այս մասին հայտնում է ՈւՆԻԱՆ գործակալությունը:
«Ընթրիքն անցել է Բեռլինում՝ կանցլերի գրասենյակում: Հանդիպման ժամանակ Մերկելն անձամբ շնորհավորել է Պորոշենկոյին հաղթանակի կապակցությամբ: Նա նաև հայտնել է ուկրաինացի նախագահի հետ հարցերի լայն շրջանակում համագործակցելու պատրաստակամության մասին: Անգելա Մերկելն ու Պյոտր Պորոշենկոն քննարկել են նաև մոտ ժամանակներս ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի տնտեսական մասի ստորագրման հեռանկարի հարցը»,- ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը հայտարարել էր, որ ԵՄ-ն Ուկրաինայի հետ համաձայնագրի տնտեսական մասն կստորագրի ամենաուշը հունիսի 27-ին՝ ԵՄ գագաթնաժողովի օրը:











































