Ընթացիկ տարում ուկրաինական տնտեսության անկումը կարող է կազմել մոտ 5 տոկոս: Այս մասին այսօր հայտարարել է վարչապետ Արսենի Յացենյուկը Ռադայի նիստին՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Մենք կանխատեսում ենք տնտեսության 5 տոկոսի անկում, սակայն ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձություններն Ուկրաինայի արևելքում»,- ասել է նա:
Յացենյուկը հայտնել է, որ վերջին շրջանում կառավարությանը հաջողվել է մի քանի հաջող քայլեր անել՝ ուղղված տնտեսական վիճակի կայունացմանը՝ խոստովանելով, որ այդ քայլերը բավարար չեն:
Նա նշել է, որ ուկրաինական մաքսային ծառայության եկամուտներն ավելացել են՝ չնայած ներկրման անկմանը: Յացենյուկի խոսքով՝ ներկրումը նվազել է 20 տոկոսով, սակայն մաքսային ծառայության եկամուտները դոլարային համարժեքով ավելացել են 13 տոկոսով:
Յացենյուկը նաև հայտնել է մայիսին ալկոհոլային և ծխախոտային արտադրանքների ակցիզային հարկերից եկամուտների 40 տոկոսով ավելացման մասին:










































