Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի շուրջ այսօրվա քննարկումը քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ էր: Մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, որ հիմնական հարցերի, այդ թվում՝ կառավարման մոդելի փոփոխման հարցի շուրջ վերջնական մոտեցում ձևավորողը, վերջնական որոշում կայացնողը քաղաքական ուժերն են, և նրանց հրավիրեց ակտիվ քննարկման:
Գագիկ Հարությունյանի ներկայացրած մոտեցումներին առաջինը դեմ արտահայտվեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Չպետք է համաձայնեմ Ձեզ հետ, որովհետև իմ համոզմամբ՝ շատ դրույթներ մեզանում մնում են դեկլարատիվ, հռչակագրային մակարդակում՝ այն պարզ պատճառով, որ չկա դրանք իրագործելու քաղաքական կամք: Եվ որ ամենակարևորն է՝ մեզանում շատ դեպքերում Սահմանադրությունից վեր կան ուժեր, մարդիկ, և մեր երկրի գլխավոր պրոբլեմը, ըստ իս, ոչ թե լավ կամ վատ օրենքներն են, լավ կամ վատ Սահմանադրությունն է, այլ դրանք կիրառելու, կյանքի կոչելու պատրաստակամության պակասը»,- հայտարարեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ գործող Սահմանադրությունը տալիս է բոլոր հնարավորությունները՝ ապահովելու ինչպես մարդու իրավունքները Հայաստանում, այնպես էլ սոցիալական արդարությունը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ հայտարարեց, որ Հայաստանին սահմանադրական փոփոխություններ պետք չեն, քանի որ այսօր Հայաստանում չկա դրանց հասարակական, քաղաքական պահանջը, ինչպես նաև սահմանադրական ճգնաժամ:
«Մենք գտնում ենք, որ այս փոփոխությունները միայն իշխանական մարմինների, իշխող ուժի խնդիրն են լուծում. նրանց կողմից իշխանությունը պահելու խնդիր կա: Մենք կարծում ենք, որ այն իշխանությունը, այն ղեկավարը, որը ձախողել է մեր բոլոր լուրջ մարտահրավերները, երկրում առաջացրել է դեմոգրաֆիկ լուրջ խնդիրներ, այս փոփոխություններով ընդամենը փորձ է արվում հասարակությանը և քաղաքական ուժերին շեղել բուն խնդիրներից»,- ասաց Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ իրենք այլևս չեն մասնակցելու մասնագիտական բովանդակային որևէ քննարկման:
«Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանն էլ ընդգծեց, որ իրենք կողմ են խորհրդարանական կառավարման համակարգին, սակայն համոզված են, որ ժողովուրդը բացարձակապես հետաքրքրված չէ այդ փոփոխություններով:
Մարտիրոսյանն ընդգծեց նաև, որ սահմանադրական բարեփոխումներ առհասարակ իրավունք ունեն իրականացնելու միայն ժողովրդի կողմից վստահություն ձեռք բերած իշխանությունները:
«Սակայն մենք երկու ընտրություն ենք ունեցել, որոնք երկուսն էլ անցկացվել են խոշոր կեղծիքներով, ուստի ոչ լեգիտիմ իշխանությունները վստահություն չունեն հասարակության մեջ և բարեփոխումներ իրականացնելու իրավունք էլ չունեն»,- ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանը նաև ցավ հայտնեց, որ սահմանադրական բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավարը Սահմանադրական դատարանի նախագահն է: «Ես կարծում եմ, որ իմ երկրի ՍԴ նախագահը՝ որպես անկախ, ամենակարևոր մարմնի ղեկավար, չպետք է մասնակից լիներ քաղաքական պրոցեսներին»:
Դաշնակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը, «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը ողջունեցին սահմանադրական բարեփոխումները՝ նշելով, որ դրանք անհրաժեշտություն են:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարցին այլ տեսանկյունից նայեց: Նա քննարկման ժամանակ հայտարարեց, որ ուսումնասիրել է Աստանայում ստորագրված համաձայնագիրը և պարզել, որ «դա նախագահների միություն է»: Հետևաբար Բագրատյանին հետաքրքրեց՝ եթե մեր երկրում կառավարման համակարգը փոխվի, ապա ինչպե՞ս է վարչապետը երկիրը ներկայացնելու մի միությունում, որն ըստ էության նախագահների միություն է:
Բագրատյանի մտահոգությանը արձագանքեց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը: Վերջինս նշեց, որ ԵԽ բոլոր 27 երկրները երբ գագաթնաժողով են անցկացնում, հավաքվում են 25 վարչապետ և ընդամենը երկու նախագահ՝ Ֆրանսիայի ու Լիտվայի: «Այնպես որ՝ եթե մենք էլ նման հանդիպումների մասնակցենք, և մեր իշխանության ղեկավարը լինի ոչ թե նախագահը, այլ վարչապետը, ապա, բնականաբար, վարչապետն էլ կմասնակցի: Սահմանադրական իրավունքի տեսանկյունից որևէ խնդիր չկա: Ձեր բարձրացրած հարցը քաղաքական է»,- ասաց Վարդան Պողոսյանը:
Լուսանկարը` PAN Photo-ի











































