Վերաքննիչ քրեական դատարանում Արշակ Խաչատրյան, Լիլիթ Թադևոսյան, Արմեն Դանիելյան դատավորական կազմն ավարտեց բռնաբարության փորձի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Այս գործով Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Սուրեն Մնոյանի նախագահությամբ կայացրել է արդարացման դատավճիռ:
Ամբաստանյալի և տուժողի անունները փոխված են ներկայացվում:
26-ամյա ամբաստանյալը՝ Խալոն, մեղադրվել է այն բանի համար, որ 2013 թվականի հունվարի 12-ին, գիշերվա ժամը 1-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում գործող «Աղայան ԱՁ» սննդի օբյեկտի հյուրանոցային սենյակում ալկոհոլ օգտագործած վիճակում տուժողի՝ Մարգոյի կամքին հակառակ ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ:
Մերժում ստանալով՝ կոտրված շշի կտորով Խալոն հարվածել է կնոջ բազկին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, գործադրել է բռնություն, բայց իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել. Մարգոն նրան հրել ու փախուստի է դիմել:
Բռնաբարության փորձի համար մեղադրվող Խալոն իրեն մեղավոր չի ճանաչել:
Մարգոյի տված ցուցմունքները հակասական են, նա հենց սկզբից հայտնել է, թե գրավոր հայերենին չի տիրապետում:
Դատարանում 32-ամյա Մարգոն պնդել է, որ Խալոն բռնաբարության փորձ չի կատարել: Ինքը նման հաղորդում չի տվել ոստիկանությունում: Ասել է միայն, որ ընկերը ծեծել է իրեն: Հաղորդումն ինքը չի գրել, գրվածը բարձրաձայն չի ընթերցվել:
Ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով ամբաստանյալին ճանաչել է անմեղ և արդարացրել է՝ մեղսագրված արարքին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:
Ամբաստանյալի խափանման միջոց կալանավորումը վերացվել է, և նա անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճում:
Արդարացման դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել մեղադրողը՝ պնդելով, թե բռնաբարության փորձը տեղի է ունեցել, ու մեղավոր տղամարդը պետք է պատժվի:
Բողոք բերած դատախազից՝ Դավիթ Ավագյանից բացի, բողոքի քննությանը ներգրավվել է նաև անձամբ Արագածոտնի մարզի դատախազ Հակոբ Մարտիրոսյանը: Չնայած տուժողը պնդում է, թե ամբաստանյալն իր նկատմամբ բռնաբարության փորձ չի կատարել, դատական առաջին ատյանն էլ նույն եզրակացությանն է հանգել, մարզի դատախազը պնդում էր, թե այդ փորձը հաստա՛տ կատարվել է:
Վերաքննիչ դատարանում մարզի դատախազ Մարտիրոսյանի ճառը այս գործով արդարացման դատավճիռ կայացրած դատավորի մեղադրական եզրակացությունն էր հիշեցնում: «Դատարանն ունեցել է նախապես կազմված սցենար, տվել է հարցեր, որոնք կբավարարեին արդարացման դատավճիռ կայացնելու պահանջներին… Դատավորը դուրս է եկել մեղադրանքի շրջանակներից ու իր լիազորությունների սահմաններից… Ամբաստանյալին թշնամի չլինելու հանգամանքը բառի բուն իմաստով դատարանը կորզել է տուժողից… Դատավորը բացարկման ենթակա անձ է եղել, թեկուզ այդ պատճառաբանությամբ նրա կայացրած դատական ակտը պետք է բեկանվի… Դատավորը գիտակցել է, նախատեսել է, ցանկացել է այն, ինչ արել է, նա ուղղորդող հարցեր է տվել…»:
Ամբաստանյալի շահերի պաշտպան Կարեն Քալանթարյանը պաշտպանական ճառում «հակահարված է տվել» դատախազի պաթետիկ ճառին:
Քանի որ դատախազն իր ճառում նշել էր, թե դատավորի կայացրած արդարացման դատավճիռը կոռուպցիոն դրսևորում կարող համարվել, իսկ, մասնավորապես, մարզում գործող՝ «Աղայան» ԱՁ-ի հյուրանոցային համալիրն էլ անվանել էր «հասարակաց տուն», պաշտպանն իր ճառում, դատախազի հռետորական մեթոդը կիրառելով՝ հարց է հնչեցրել, թե արդյո՞ք նման երևույթների առկայության պայմաններում իր տեղում է տվյալ մարզի դատախազը, նույն ինքը՝ այս գործով վերաքննիչ բողոքը հիմնավորող Հակոբ Մարտիրոսյանը…
Վերաքննիչ քրեական դատարանը խորհրդակցական սենյակ է մտել, ապա հրապարակել իր որոշումը, որով ընդհանուր իրավասության դատարանի կայացրած արդարացման դատավճիռը թողնվել է ուժի մեջ՝ անփոփոխ, իսկ դատախազի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է:











































