«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության հրավիրած «Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո» խորագրով հանրային քննարկմանը «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը նշեց, որ մեր անկախությունից հետո այս 23 տարիներին մեզ հարկավոր էր ամրապնդել մեր պետականությունը, սակայն այսօր ունենք մի իրավիճակ, որ երեք պետություններ պայքարում են իրենց պետականության համար` Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան, պետություններ, որտեղ անկախության այս ողջ պատմության ընթացքում իշխանությունները փոխվել են ընտրությունների արդյունքում, իսկ մյուս պետություններում՝ ներառյալ Հայաստանում, այդպիսի բան տեղի չի ունեցել:
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանը գտնվում է վտանգավոր իրավիճակում, երբ վտանգ է սպառնում մեր պետականությանը:
Նա նշեց, որ Ռուսաստանի գլխավոր նպատակն է վերահսկողություն սահմանել Ադրբեջանի քաղաքականության վրա և խաղաղապահների անվան տակ ԼՂ հակամարտության տարածքում ռուսական զորքեր տեղակայել:
«Այդ գործընթացները, որոնք տեղի են ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբում, դեսպան Ուորլիքի հայտարարությունը, ԱՄՆ նախաձեռնությունը, ուղղակիորեն շաղկապված են այս գործընթացների հետ, որովհետև եթե Հայաստանն անդամակցեց այս՝ ռուսական կայսրություն հանդիսացող կառույցի,ապա բանակցային գործընթացը, որպես այդպիսին, կանգնում է լուրջ բարդությունների առջև: Ռուսաստանը այդպես արել է միշտ, այդպես արել է նախորդ դարի 20-ական թվականներին, այդպես ԽՍՀՄ օրոք է եղել: Եթե չեմ սխալվում, ՌԴ տնտեսական զարգացման նախարարը բացահայտ հայտարարեց, որ Ադրբեջանին առաջարկվել է մաս կազմել այդ կառույցին: Եվ կապված Ադրբեջանի արձագանքից՝ Մոսկվան արդեն կորոշի՝ Հայաստանին ինչ արագությամբ և որ պահին դարձնել այդ միության անդամ»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:
Նա նշեց, որ մենք ունենք անվտանգության փաստարկը սեպտեմբերի 3-ից հետո, բայց ի՞նչ անվտանգության մասին է խոսքը: Բանախոսի դիտարկմամբ՝ պարզ ասում են, որ խոսքը Ղարաբաղի հետ է կապված: Սակայն, նրա խոսքով, մեր շահերը և ՌԴ շահերը, ինչպես նաև մյուս անդամ երկրների՝ Բելառուսի և Ղազախստանի շահերը իրար հետ կապ չունեն:
Բնախոսի դիտարկմամբ՝ մեզ անհրաժեշտ է մեր տարածաշրջանում կայունություն, Ռուսաստանին անհրաժեշտ է անկայունություն, որի համար նա օգտագործելու է Հայաստանի տարածքն ու այդ տարածքում իր ռազմակայանը:
«Մեզ պետք է պահպանել և զարգացնել մեր լավ հարաբերությունները Վրաստանի հետ, իսկ Ռուսաստանին դա պետք չէ և կարծում եմ, Մոսկվայի կողմից նոր մարտահրավերներ կլինեն այս կապակցությամբ: Մեզ անհրաժեշտ է մեր բոլոր հարևանների հետ արժանապատիվ կարգավորում ԼՂ խնդրի, ինչը դեմ է Ռուսաստանի շահերին: Մեզ անհրաժեշտ է շատ սերտ համագործակցություն Իրանի հետ, Ռուսաստանը այդ գործընթացը վերցրել է իր վերահսկղության տակ: Մեզ անհրաժեշտ է հաղթահարել մեր տնտեսական և սկսված քաղաքական մեկուսացումը, Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը կտրվի ամբողջ աշխարհից և կապված լինի միայն իր հետ: Ի վերջո, մեզ անհրաժեշտ է ժողովրդավարական Հայաստան, իսկ Ռուսաստանում իշխում է ուղղափառ նացիոնալիզմի գաղափարախոսությունը»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:
Լուսանկարը` PAN Photo-ի











































