Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարված է հասցրել և վնասել է Սիրիայի հարավային աթ-Թանֆ քաղաքում գտնվող ամերիկյան ռազմաբազան։ Այս մասին հաղորդում է Press TV-ն։
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ իրանական ուժերը ոչնչացրել են տվյալ օբյեկտում գտնվող ամերիկյան ռադարներն ու ուղղաթիռները, ինչպես նաև կորուստներ են պատճառել թշնամու անձնակազմին։
ԻՀՊԿ-ն նաև հայտնել է, որ «տարածաշրջանը ռադարներից և օդային պաշտպանության համակարգերից մաքրելու և անօդաչու թռչող սարքերի ու հրթիռների ավելի լայնամասշտաբ հարձակումների համար պայմաններ ստեղծելու արշավի շրջանակներում» ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերը Հորդանանում ոչնչացրել են հրթիռային պաշտպանության ռադար և հանգարում գտնվող F-15 կործանիչ։
Հորդանանի Ռուկբան շրջանը նույնպես հարձակման է ենթարկվել, որի հետևանքով, ըստ ԻՀՊԿ-ի, զոհվել է այնտեղ տեղակայված մի քանի ամերիկացի զինծառայող։








































