«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Աբխազիայի հայկական համայնքը խորհրդարանում ներկայացնող պատգամավոր, Աբխազիայի քաղաքական և հասարակական ակտիվ գործիչ Ռոբերտ Յայլյանը:
-Պարոն Յայլյան, կարելի է ասել, որ մի քանի օրվա ընթացքում Աբխազիայում ընդդիմությունը տոնեց իր հաղթանակը՝ հասնելով պահանջի խաղաղ իրագործմանը՝ հեղափոխության: Ի՞նչ դերակատարություն է ունեցել հայ համայնքը: Հայ համայնքի ներկայացուցիչները մասնակցե՞լ են օրեր առաջ կայացած որոշիչ հանրահավաքին, թե՞ փորձել են չեզոքություն պահպանել:
-Մայիսի 27-ին Աբխազիայում համաժողովրդական հավաք հայտարարվեց, որին մասնակցեց նաև Աբխազիայի հայ համայնքը: Հավաքին ելույթ ունեցողներից մեկը Աբխազիայի հերոս Սերգեյ Զեբելյանն էր, որը բոլոր ելույթ ունեցողների հետ միասին դիմեց ողջ երկրի ողջ բնակչությանը Անկվաբի իշխանության հրաժարականի պահանջով: Հանդես են եկել շուրջ տասներկու մարդ նմանատիպ կոչերով։ Սա ստացավ բնակչության աջակցությունը, և որոշում կայացվեց կանչել նախագահին երկխոսության, որովհետև աբխազ ժողովրդի ազգային ավանդույթների համաձայն՝ ում էլ որ հրավիրեն հավաքի ժամանակ, լինի նա նախագահ, թե դատավոր, թե արտասահմանյան հյուր, պետք է երևան գա և կանգնի ժողովրդի առջև՝ պատասխանելով այն հարցերին, որոնք առաջադրվում են: Բայց նախագահը, չնայած մեր բոլորի կոչերին ու ցանկություններին, դուրս չեկավ, ուստի ժողովուրդը մոտեցավ նախագահի ադմինիստրացիայի շենքին՝ շրջապատելով և պահանջելով դուրս գալ ու խոսել։ Նա դուրս չեկավ, իսկ հետո պարզապես փախավ:
5 օրվա ընթացքում բոլոր հարցերը դրական լուծում ստացան, որոնց ընթացքում որևէ փաստ անկարգությունների, ծեծի, բախումների մասին չեղավ, և հաստատ կարող եմ ասել, որ դա իր տեսակի մեջ առանձնահատուկ խաղաղ հեղափոխություն էր, իշխանության խաղաղ փոխանցում նախագահից ժողովրդին: Խորհրդարանի կողմից նոր ընտրություններ են հայտարարվել, որոնք կանցկացվեն օգոստոսի 24-ին, իսկ ընտրություններին կմասնակցեն և հնարավորություն կունենան մասնակցելու բոլորը, նույնիսկ հրաժարական տված նախագահը:
Ինչ վերաբերում է հայերին, նրանք կանգնած են եղել ընդդիմության կողքին ոչ ավելի քիչ, քան իրենք՝ աբխազները: Միակ բանը, ըստ մեր ազգային ավանդույթների, մենք սովորաբար առաջին խոսքը տալիս ենք բնակչության մեծամասնությանը։ Կային նաև մարդիկ, ովքեր նախագահի կողմից էին հանդես գալիս, մտածում էին, որ պետք էր թողնել՝ նա ավարտեր իր պաշտոնավարումը, բայց նրանք քիչ էին: Հայերը շատ ակտիվ են եղել: Ես ինքս պատգամավոր եմ, մենք երեքն ենք Աբխազիայի խորհրդարանում, երկուսը՝ ես և Լևոն Գալուստյանը, բավականին ակտիվ ենք եղել, իսկ մեր փոխխոսնակը՝ ընկեր Վաղարշակ Քոսյանը, այն կողմում էր և մինչև վերջ փորձում էր պաշտպանել նախագահին շարունակելու հնարավորություն տալը։ Բայց մենք հաշվի ենք առել նրա տեսակետը և նրա անձնական սկզբունքային դիրքորոշումը, որի համար նա չի կրում որևէ պատասխանատվություն, թեև, անկեղծ ասած, նման մարդիկ պետք է ժողովրդի կողքին լինեն։ Չնայած այդ ամենին, նա չի հետապնդվում, նա եղել է նիստերի, ամեն ինչ շատ լավ է, բնականոն:
-Տարածաշրջանում բավական բարդ իրավիճակ էր ստեղծվել: Հետաքրքիր է, որ Մոսկվան, կարծես ուշադրությունը կենտրոնացնելով Ուկրաինայի վրա, բաց թողեց Աբխազիայում հասունացած տրամադրությունները: Ինչո՞ւ այսպես ստացվեց, ըստ Ձեզ: Ինչո՞ւ մի տեղ, որտեղ ռուսական ազդեցությունը կասկածի տակ չէր առնվում, իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից:
–Մոսկվան իրականում վերահսկում էր իրավիճակը, բայց շատ էր վստահում ներկայիս իշխանություններին։ Այս երեք տարիների ընթացքում, երբ Անկլավն իշխանության ղեկին էր, Մոսկվան բանակցում էր, գործում միայն նրա հետ: Վերջին տարվա ընթացքում՝ դեռևս Սոչիի օլիմպիական խաղերից առաջ, երբ նրանք տեսան, որ ժողովուրդը շփոթված է, չբավարարված, նրանք սկսեցին կոնկտակտներ հաստատել նաև ընդդիմության հետ: Վլադիսլավ Սուրկովի վերջին այցերը Աբխազիա օգնեցին, որպեսզի մենք հասցնենք Մոսկվային, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է իրենց: Մենք կարողացանք համոզել նույն Սուրկովին. ստուգելով Աբխազիայի զարգացման համակարգային ծրագիրը, ռուսական գումարների աննպատակահարմար ծախսերը՝ նա ևս եկավ եզրահանգման, որ ներքին հակամարտությանը չեն միջամտի, բայց նա ևս կարծում է, որ ժողովուրդն ունի նման որոշում կայացնելու իրավունք, և այն պետք է հարգել:
-Հենց ռուսաստանցի պաշտոնյաները Աբխազիայում տեղի ունեցածը որակում էին գունավոր հեղափոխություն՝ պնդելով, թե իրադարձությունների նման զարգացմանը նպաստել են արևմտյան միջոցները:
-Որևէ նման բան այստեղ չի եղել, ավելին՝ ժողովուրդը չափազանց միակամ է եղել: Մեծամասնությունը եղել է ընդդիմության կողքին: Ոչ Արևմուտքը, ոչ Մոսկվան բացարձակապես չեն միջամտել այս իրադարձություններին։ Ես պատասխանատու կերպով հայտարարում եմ, դա եղել է Աբխազիայի ներքին խնդիրը, մենք հաշվի էինք առել Ռուսաստանի հետաքրքրությունները օլիմպիադայի հետ կապված, մենք արգելափակել էինք իրադարձությունների ակտիվ ընթացքը, մաքսիմալ կերպով ջանացել էինք մեղմացնել իրավիճակը։ Ընդդիմությունը կոչ էր անում չշտապել, հնարավորություն տալ նախագահին՝ ուղղելու իրավիճակը, բայց նա ինքն իրեն թագավոր էր հռչակել: Այս ամբողջ կուտակումը մի օրվա ընթացքում չէր տեղի ունեցել, 15 հազար մարդ հավաքելը Աբխազիայում այդքան էլ հեշտ չէ, Աբխազիայի համար դա շատ էական թիվ է, ամենաակտիվ հատվածը հասարակության, և հավաքել այդքան մարդ մեկ օրվա ընթացքում գումարի համար անհնար է: Դա եղել է գիտակցված, ազգային կամարտահայտություն:
-Ուկրաինա-Աբխազիա զուգահեռներն էլ, այսինքն, անընդունելի եք համարում:
-Անընդունելի, ավելին ասեմ, այնքան անընդունելի, նաև պրակտիկորեն անհնար, հենց այդ պատճառով էլ այսպես պատահեց խաղաղ ու հանգիստ 5 օրվա ընթացքում: Եթե ուկրաինցիները մեզ թույլ տան, մենք կպատմենք նրանց՝ ինչպես դա անել:









































