Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երեկ զանգել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահին բեն Աբդ Ալ-Ազիզին և Բահրեյնի թագավոր Համադ իբն Իսա Ալ Խալիֆային` խոր մտահոգություն հայտնելով շիայական ընդդիմության դեմ կիրառված բռնի գործողությունների կապակցությամբ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին հայտնել է, որ Օբաման կոչ է արել ցուցարարների դեմ գործողություններում առավել զսպվածության իրավապահների կողմից:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը սուր քննադատության է ենթարկել Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի կողմից ընդունված որոշումը` Բահրեյնի թագավորություն զորքեր մտցնելու կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի հեղափոխությունից հետո Բահրեյնում սկսվել էին ընդդիմության բողոքի ակցիաները, որի ժամանակ ցուցարարները պահանջում էին քաղաքական բարեփոխություններ իրականացնել` սունիական իշխող փոքրամասնությունից պահանջելով հարգել շիայական մեծամասնության իրավունքները: