ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները քննադատել են նախագահ Բարաք Օբամային Գուանտանամոյի բանտից «Թալիբան» խմբավորման հինգ ահաբեկիչներին ազատելու և Աֆղանստանում գերի ընկած ամերիկյան բանակի սերժանտի հետ փոխանակելու համար, հաղորդում է Los Angeles Times-ը:
Թալիբանի հինգ հրամանատարներ անցած շաբաթ ազատ են արձակվել Գուանտանամոյի բանտից և փոխանցվել Կատարին, որը գործարքի միջնորդ է հանդիսանում: Նրանց արգելված է հեռանալ Կատարից մեկ տարվա ընթացքում: ԱՄՆ ներկայացուցիչները հայտարարել են, որ գրոհայինները հատուկ հսկողության տակ են լինելու:
Սերժանտ Բոուի Բերգդալը, որը, ըստ ամերիկյան տվյալների, միակ ռազմագերին է, հնգամյա գերությունից հետո ազատ է արձակվել այդ նույն օրը: Բերգդալին տեղափոխել են Գերմանիա: Նրան շուտով տեղափոխելու են Սան Անտոնիայի հոսպիտալ:
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ այդ գործարքը այն սկզբունքի խախտումն է, ըստ որի՝ ԱՄՆ-ն չպետք է բանակցություններ վարի ահաբեկիչների հետ:










































