Քիչ առաջ ավարտվեց չորս ոչ իշխանական խմբակցությունների նիստը, որն այս անգամ տևեց բավականին երկար՝ 4 ժամ: Նիստից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ իրենք այս անգամ համաձայնեցրել են 12 կետից բաղկացած մի հայտարարություն, որը պետք է ներկայացնեն կառավարությանը:
Ռուբիկ Հակոբյանը չցանկացավ ներկայացնել փաստաթղթի պահանջները՝ ասելով, թե չորս խմբակցությունների ղեկավարները հաջորդ շաբաթ համատեղ ասուլիս կհրավիրեն և դրանք կներկայացնեն: Նա նաև ասաց, որ դրանք կատարելու համար իրենք մինչև աշուն իշխանություններին ժամանակ կտան:
Հակոբյանը նաև ավելացրեց, որ իրենք որոշել են միասնական հանրահավաքը տեղափոխել աշնանը:
Լրագրողների հարցին, թե քառյակը քննարկել է ՕԵԿ-ի այն հայտարարությունը՝ քառյակի ուժերին հրավիրում են 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու հարցի շուրջ քննարկման, Ռուբիկ Հակոբյանը ասաց, որ նման քննարկում չի եղել: Նա նաև ավելացրեց, որ 12 կետերից բաղկացած իրենց պահանջի հարցերից մեկը վերաբերում է հենց 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու խնդրին: Լրագրողները նաև հարց բարձրացրեցին, թե հանրահավաքները հետաձգելու և կառավարությանը մինչև աշուն ժամանակ տալու քառյակի որոշումը արդյոք բխում էր ԲՀԿ ղեկվար Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունից, թե կառավարությանը պետք է աշխատելու ժամանակ տալ, Ռուբիկ Հակոբյանը կոչ արեց չանձնավորել այդ խնդիրները, և ասաց, որ իրենց պահանջները կատարելու համար կառավարությանը ժամանակ է պետք:









































