Արդեն շուրջ 2.5 ժամ ընթանում է «հրաշալի քառյակի» նիստը: Այն այս անգամ տեղի է ունենում «Ժառանգություն» խմբակցությունում: Քանի որ նիստը բավականին երկար տևեց, այն մի փոքր ընդմիջվեց: Դուրս եկան ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և քարտուղար Աղվան Վարդանյանը՝ խոստանալով, որ շուտով կվերադառնան:
Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը լրագրողներին տեղեկացրեց, թե ՀՅԴ անդամները հանդիպումներ ունեին, այդ պատճառով դուրս եկան: Նա նաև հավելեց, որ նիստը կավարտվի մոտ մեկ ժամից:
Անցյալ շաբաթ տեղի ունեցած նիստից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ այս անգամ քննարկում են Հայաստանի առջև ծառացած 10 կարևոր մարտահրավերների մասին կառավարության հայտարարությունը: Ենթադրվում է, որ այսօր կքննարկվի այդ հայտարարության տեքստը: Չի բացառվում, սակայն, որ քառյակն անդրադառնա նաև Աստանայում տեղի ունեցած դեպքերին՝ Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի ստորագրումը հետաձգելուն և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը:









































