Project Syndicate-ի հոդվածում ֆինանսիստ Ջորջ Սորոսը առաջարկել է ԵՄ-ին անվճար ապահովագրություն սահմանել բոլոր նրանց համար, ովքեր ներդրումներ են իրականացնում Ուկրաինայի տնտեսության մեջ: Նրա խոսքով՝ դրանով ԵՄ-ն կփրկի ոչ միայն Ուկրաինային, այլև իրեն:
Նա իր հոդվածը սկսել է աշխարհաքաղաքական իրավիճակի վերլուծությունից: Սորոսը ուշադրոթյուն է հրավիրում Եվրախորհրդարանի և Ուկրաինայի նախագահական ընտրությունների «կտրուկ տարբերությունների» վրա: Եթե ուկրաինացիները ցուցադրեցին, որ վճռական են տրամադրված ԵՄ-ին միանալու հարցում, ապա Եվրոպայի բնակիչները, ընդհակառակը, «իրենց դժգոհությունը հայտնեցին այն կապակցությամբ, թե ինչպես է այժմ գործում ԵՄ-ն»:
Ի սկզբանե որպես «ինքնավար պետությունների սերտ միություն» ստեղծված՝ «եվրոյի ճգնաժամի» պայմաններում ԵՄ-ն «բոլորովին այլ բանի» է վերածվել, նշում է Սորոսը. այնտեղ առաջնորդող են դարձել «վարկատուների և վարկառուների» հարաբերությունները, ընդ որում՝ վարկատու պետությունները թելադրում են այն պայմանները, որոնք ամրապնդում են իրենց գերակայությունը»: Մինչդեռ Ռուսաստանը վերածվում է ԵՄ-ի վտանգավոր՝ «գլոբալ աշխարհաքաղաքական հավակնություններով հակառակորդի, որը, ընդ որում, պատրաստ է նաև ուժ կիրառել»:
Միևնույն ժամանակ, Սորոսի կարծիքով՝ «Պուտինի ռեժիմի մասնավոր հետաքրքրությունները դեմ են Ռուսաստանի ռազմավարական շահերին»: «ԵՄ-ի՝ ԱՄՆ-ի հետ ավելի սերտ համագործակցությունը Ռուսաստանին ավելի մեծ շահույթ կբերեր: Իսկ Ռուսաստանում և Ուկրաինայում հետապնդումներ կիրառելու հետևանքով Ռուսաստանը անշահավետ արդյունքների է հասնում: Չնայած նավթի բարձր գներին՝ Ռուսաստանի տնտեսությունը կապիտալի և տաղանդների փախուստի պատճառով թուլանում է»,- ասվում է հոդվածում:
«Կիևի Մայդանում ուժի կիրառումը նոր Ուկրաինայի ծննդին հանգեցրեց, որը հստակ մտադիր է խուսափել ռուսական նոր կայսրությանը անդամակցելուց: Եթե նոր Ուկրաինան հաջողությունների հասնի, ապա դա կսպառնա Ռուսաստանում Պուտինի գերակայությանը»,- ենթադրում է Սորոսը: Նրա կարծիքով՝ հենց դրանով էլ պայմանավորված են Կրեմլի կողմից հարևան երկրում իրադրության ապակայունացման փորձերը: Մինչդեռ, «թե՛ ԵՄ-ն, և թե՛ ԱՄՆը զբաղված են ներքին խնդիրներով: Նրանք, նախկինի պես, վատ են տեղեկացված Ռուսաստանի կողմից բխող գաղափարական և աշխարհաքաղաքական սպառնալիքների մասին: Ինչպե՞ս պետք է նրանք արձագանքեն»:
Առաջին հերթին, հարկավոր է «խանգարել Ուկրաինայի իրավիճակը ապակայունացնելու Ռուսաստանի փորձերը», և դրա լավագույն միջոցը «Ուկրաինայում ներդրումներ անողներին կամ բիզնես ունեցողներին քաղաքական սպառնալիքներից անվճար ապահովագրություն առաջարկելն է», գրում է ֆինանսիստը: «Եթե քաղաքական պատճառներով առաջացած գործարարների կորուստները ամբողջովին փոխհատուցվեն, ապա նրանք կհոսեն դեպի նոր բաց և բազմախոստումնալից շուկա»: Այդ նպատակով հարկավոր է եվրոպական բյուջետային պակտում նոր փոփոխություններ կատարել, նշում է Սորոսը:
Նմանատիպ ապահովագրություն արդեն իրականացվել է մի շարք մասնավոր և կառավարական կազմակերպությունների կողմից, նշում է փորձագետը՝ ուշադրություն հրավիրելով Համաշխարհային բանկի փորձի վրա: Նա հետևյալ սխեման է առաջարկում. «Հետաքրքրված կառավարությունները պետք է ստանձնեն վերաապահովագրման գործառույթները և իրենց գրասենյակները միայն վարչական ապահովագրությունների համար օգտագործեն: Յուրաքանչյուր կառավարություն կապիտալի համեստ ներդրում է կատարում, իսկ մնացած մասը, որպես երաշխիքային չափաբաժին, որը հասանելի է դառնում միայն անհրաժեշտության դեպքում, պարտավորվում է տրամադրել այն ժամանակ, երբ փաստացի պետք կլինի վճարել վնասների համար»:
Սորոսի խոսքով՝ «նման երաշխիքները մի առանձնահատկություն ունեն. ինչքան հուսալի են, այնքան մեծ է հավանականությունը, որ դրանք օգտագործելու անհրաժեշտություն չի առաջանա: Վերաապահովագրումը, ամենայն հավանականությամբ, մեծ մասամբ անվճար է լինում: Եթե ԵՄ-ն արագ և վստահելի գործի, ապա կարող է փրկել Ուկրաինան, իսկ դրանով հանդերձ՝ նաև ինքն իրեն»:










































