Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը հայտարարել է, որ առաջիկայում Սարգսյանն առիթ կունենա արտահայտվելու Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցերի շուրջ: Այսինքն` Սերժ Սարգսյանն իրեն ոչ թե պարտավորված է զգում Հայաստանի հասարակությանը հաշվետու լինել այս կարևոր հարցի կապակցությամբ, որը վերաբերում է Հայաստանի ինքնիշխանությանը, որը նշանակում է ինքնիշխանության սահմանափակում, այլ պարզապես առիթ կգտնի արտահայտվելու:
Ասել է թե` Սերժ Սարգսյանը ինչ-որ լավություն է անում հասարակությանը, կամ որպես լավություն, որպես հանդուրժողականություն է ներկայացնում այն, ինչը ըստ էության նրա պարտավորությունն է, և ինչը պետք է ոչ թե առիթ գտնի անելու, այլ արած պետք է լիներ արդեն իսկ: Սերժ Սարգսյանն Աստանայի գագաթնաժողովում տեղի ունեցած հայտարարություններից հետո պետք է արդեն իսկ դիմած լիներ հասարակությանը` ներկայացնելով այն, ինչ կատարվել է և տալով կատարվածի վերաբերյալ բացատրություններ:
Այսինքն` Սերժ Սարգսյանն արդեն իսկ, մեղմ ասած, թերացել է, այսինքն` թերացել է նախ այն հարցում, որ Հայաստանին քաշել է մի միություն, որտեղ Հայաստանի շահերն ու արժանապատվությունն են ոտնահարվում, և թերացել է նրանով, որ այդ քայլերը կատարել է միանձնյա և առանց հասարակությանը բացատրություններ ու հաշվետվություն տալու: Այնպես որ, ըստ էության արդեն կարևոր էլ չէ, թե «առիթ ունենալու» դեպքում Սերժ Սարգսյանն ինչ է ասելու հասարակությանը:
Ի՞նչ պետք է ասի հասարակությանը նախագահի պաշտոնում մի մարդ, որը ընդամենը մի քանի օր առաջ հասարակությանը շատ ու շատ բան է ասել իր նշանակած վարչապետով և կառավարությամբ: Ինչ պետք է ասեր Սերժ Սարգսյանը` ասել է իշխանության մեջ քրեաօլիգարխիկ սեգմենտի լիակատար ռեաբիլիտացիա ապահովելով: Եվ այն արտաքին մարտահրավերները, որ գալիս են Հայաստանի վրա ինչպես երամ, ըստ էության բխում են հենց Հայաստանի իշխանությունների ներքին մակարդակից, ներքին որակներից և բովանդակությունից:
Այդ ամենի արդյունքում է, որ Հայաստանը լիովին հանձնվել է Ռուսաստանի քմահաճույքին և շահերին, ու Սերժ Սարգսյանը չէ, որ «առիթի դեպքում» խոսելու է, այլ Ռուսաստանը, որովհետև երևի թե հենց Ռուսաստանի կարծիքը ճշտելու համար է, որ Սերժ Սարգսյանը արտահայտվելու է ոչ թե անմիջապես, ոչ թե հենց Աստանայում, այլ «առիթի դեպքում»: Պետք է հասկանալ, թե ինչ է մտածում Մոսկվան, ինչ են մտածում Կրեմլում, որպեսզի իմանալ, թե ինչ պետք է ասել:
Ի՞նչ կարող է ասել Հայաստանը, եթե ձայն չի հանում այնտեղ, որտեղ պետք էր ասել ասելիքը: Էլ չասած այն մասին, թե ինչքանով կարող է Հայաստանը պատասխանատու լինել իր ասելիքի համար: Ի վերջո` Եվրոպայի հետ հարաբերություններում չորս տարի շարունակ Զիմբաբվեն չէ, որ հավաստիացնում էր եվրոպական ուղուց չշեղվելու մասին, այլ նույն Հայաստանը, Հայաստանի նույն իշխանությունը:








































