Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Գյումրիում տեղի ունեցած մոր և մանկան մահացության վերջին դեպքին, տեղեկացրեց, որ դեպքից անմիջապես հետո Գյումրի է մեկնել ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը մասնագետների խմբի` անեսթեզիոլոգի, ռեանիմատոլոգի և մանկաբարձ-գինեկոլոգի հետ՝ ուսումնասիրելու փաստերը:
Մուրադյանը նշեց, որ քննարկումը կրել է նախնական բնույթ, որովհետև վերջնական բոլոր նյութերը քննարկվել են առողջապահության նախարարությունում՝ հատուկ նիստում: Նախարարի խոսքով՝ բոլոր մայրական մահերը քննարկվելու են, և լինելու է շատ խիստ մոտեցում: Լրագրողները հետաքրքրվեցին՝ որն է եղել 38-ամյա կնոջ և երեխայի մահվան պատճառը, արդյոք այստեղ բժիշկների մեղքի բաժինը եղել է: Նախարարը պատասխանեց, որ մեղքը կարող են որոշել միայն դատական մարմինները, իսկ մահվան նախնական պատճառը հարպտղաջրային էմբոլիան է, որը բավականին հազվագույտ բարդություն է և կայծակնային ավարտ է ունենում:










































