Այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 29-ին, իրավամբ կարող ենք համարել Հայաստանում հետտոնական շոկ: Մայիսի 28-ին Հայաստանի Առաջին հանրապետության, իսկ ըստ էության անկախության տոնը նշող և այդ մասին ճառեր ու կենացներ ասող Հայաստանը մայիսի 29-ին հայտնվեց լրիվ հակառակ փոսում, որտեղ պարզ դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունը վաղուց բաց է թողել անկախության գնացքը և այսօր դարձել խաղալիք իրականում ոչ միայն Ռուսաստանի կայսրության, այլ նույնիսկ Ադրբեջանի նման արհեստական խանության ձեռքին, որը Հայաստանի և Ղարաբաղի խաղաքարտերն օգտագործում է Ռուսաստանի հետ իր հարաբերությունները պարզելու համար:
Մայիսի 29-ին Աստանայում ստեղծվել է Եվրասիական միությունը, որի ստեղծման գագաթնաժողովի ընթացքում էլ հնչեցվել է Իլհամ Ալիևի նամակի մասին, որով նա պահանջում է այդ միությանը Հայաստանի անդամակցության հարցում ամրագրել ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների հանգամանքը: Այսինքն` Ալիևը պահանջում է շեշտել, որ Ղարաբաղը չի ներառվելու Մաքսային միություն: Այս հայտարարությունը արել է Ղազախստանի նախագահ Նազարբաևը` ասելով, որ պետք է մի բան անել իրենց ընկեր Իլհամին չնեղացնելու համար:
Մինչև հուլիս Հայաստանին ժամանակ են տվել մի բան անելու համար: Սակայն պարզ չէ, թե ինչ պետք է անել՝ պետք է հրաժարվե՞լ Եվրասիական միությունից, թե՞ պետք է անցակետ դնել Հայաստանի ու Ղարաբաղի սահմանին: Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ սահմանին ոչ մի անցակետ չի լինի: Սակայն դա հայտարարել են ոչ երեկ, այլ ավելի վաղ: Իսկ երեկ Աստանայում Սերժ Սարգսյանը Իլհամ Ալիևի պահանջը լսելուց հետո, որը հնչեցրել է Եվրասիական միությունում Ալիևի դեսպան կամ խոսնակ Նազարբաևը, ոչ մի ձայն չի հանել:
Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նույն կերպ չի հայտարարել Աստանայում, որ ոչ մի անցակետ լինել չի կարող: Այսինքն` ինչի՞ տեղ է թողել Սերժ Սարգսյանն իր լռությամբ: Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանն ուղղակի չի իմացել, թե ինչ պետք է ասի: Այսինքն` նա չգիտե Ալիևի պահանջի պատասխանը, մյուս կողմից` այդ պահանջի պատասխանն, իհարկե, պետք է տան Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը:
Սակայն այս ամենի մեջ Հայաստանի ու Ղարաբաղի հարցն է, այսինքն` Հայաստանն ու Ղարաբաղն են դարձել այն գնդակը, որը պտտվում է «ռուլետկայի» մեջ է: Այն պարբերաբար թափով պտտվում է և Հայաստանն ու Ղարաբաղը պարբերաբար հայտնվում են ինչ-որ մի տեղում, որից շահում են ինչ-որ սուբյեկտներ: Բնականաբար` բացի գնդակից, այսինքն` բացի իրենից` Հայաստանից ու Ղարաբաղից:
Անկախության տոնը նշած և Սարդարապատում հերոսական ճառեր արտասանած Սերժ Սարգսյանը հաջորդ օրն իսկ Աստանայում լուռ նստած լսում է, թե ինչպես են պտտում «ռուլետկան» և Հայաստանն ու Ղարաբաղը գլորում այս ու այն կողմ: Եվրասիական միության շրջանակում ակնհայտորեն իր հարցերն է փորձում լուծել անգամ այդ շրջանակի հետ դե յուրե կապ չունեցող Ադրբեջանը, ընդ որում` լուծել շրջանակում ներառված Հայաստանի հաշվին, իսկ ահա Հայաստանը, ըստ էության, հայտնվել է դիտորդի դերում և լուռ հետևում է այլոց խաղին, չկարողանալով կես բառ իսկ արտասանել սեփական շահերը պաշտպանելու և նաև ըստ էության նվաստացած վիճակից դուրս գալու համար:









































