Իրանի նախագահ Հասան Ռուհանին կարող է Թուրքիա պաշտոնական այց կատարել հունիսի 9-ին: Այս մասին գրում է թուրքական Timetürk թերթը:
Նշվում է, որ այցի ամսաթիվը Իրանի պաշտոնատար անձանց կողմից դեռևս չի հաստատվել:
Համաձայն տեղեկատվության՝ այցի ընթացքում Ռուհանին կհանդիպի Թուրքիայի պաշտոնատար անձանց հետ: Հանդիպումների ժամանակ կքննարկվեն երկկողմ կապերի ընդլայնման և տարբեր ոլորտներում համագործակցության հարցերը, այդ թվում՝ տնտեսության ոլորտում, տարածաշրջանային խնդիրները և սիրիական ճգնաժամը:
Թուրքիայում Իրանի դեսպան Ալիրզա Բիգդելին լրագրողներին հայտնել է, որ խորհրդակցություններ են անցկացվում ամսաթիվի հստակեցման հետ կապված: «Իրանական կողմն առաջարկել է մայիսի 19-ը, սակայն թուրքական կողմին դա չի գոհացրել: Թուրքիան նույնպես ամսաթիվ է առաջարկել: Ներկայումս մենք Իրանից պատասխանի ենք սպասում այդ առնչությամբ»,- ասել է նա:







































