Հաագայում Միջազգային տրիբունալի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «բավական հիմնավոր պատճառներ ունեն» Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ձերբակալելու թույլտվություն տալու համար, հաղորդում է mignews.com-ը:
Մորենո Օկամպոն հայտարարել է. «Լիովին պարզ է, որ Բաշար Ասադի ղեկավարած սիրիական ուժերը քաղաքացիական անձանց են սպանում»: Ըստ դատախազի` ձերբակալությունը կարող են իրականացնել ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները:
Կանադական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ասել է, որ «միջազգային և սիրիական ուժերի կողմից այսպիսի հրամանագրի կատարումն Ասադի խնդրի հնարավոր լուծումներից մեկն է»:
Դատախազն ասել է. «Մենք կարող ենք դրսևորել նոր, ավելի նորարարական մոտեցում խնդրին: Այն պետք է համադրի այսպիսի հրամանի կատարման ռեալ ջանքերն ու արդարադատությունը: Մենք նաև կարող ենք բանակցություններ սկսել Ասադի հետ, քանի որ, միջազգային օրենքով, գործում է նրա անմեղության կանխավարկածը»:
Մորենո Օկամպոն կարծում է, որ ձերբակալման թույլտվությունն ու Ասադին ձերբակալելու իրական փորձը կարող են «նրան ստիպել գնալ բանակցությունների»:











































