Սերբիայում ջրհեղեղի հասցրած վնասը կազմում է մոտ 1 մլրդ եվրո: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը RTS հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում:
Օգնությունն արտերկրից կարող է ծածկել կորուստների մոտ 20 տոկոսը՝ նշել է նա: Վուչիչի խոսքով՝ իրավիճակը հեղեղված շրջաններում բարելավվում է, կառավարությունը կազմել է տարերային աղետից հետո վերականգնման ծրագիր: «Բոլոր նրանք, որոնց տունն ավերվել է, նոր կացարան կստանան»,- խոստացել է վարչապետը:
Նա նաև վստահեցրել է, որ պետությունը կստանձնի ինչպես հանրապետական, այնպես էլ տեղական նշանակության ճանապարհների վերականգնումը: Կվերականգնվի նաև էներգահամակարգը:
Վարչապետի խոսքով՝ պետությունը կօգնի ֆերմերներին՝ տրամադրելով նրանց սերմեր, պարարտանյութ, ինչպես նաև մասամբ կփոխհատուցի վնասը սատկած անասունների համար: «Այն ամենը, ինչ կարևոր է կյանքի համար, պետությունը կվերականգնի»,- վստահեցրել է նա:
Վուչիչի խոսքով՝ 7-8 օրից Օբրենովաց քաղաքը, որն առավել շատ էր տուժել աղետից, կվերադառնա կյանքի բնականոն հուն: Ներկայում տարհանված մարդկանց վերադարձը դեռևս արգելված է, վերականգնված չեն կոյուղու և ջրատար համակարգերը:










































