ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը մերժել է Ռուսաստանի` գործարար Վիկտոր Բուտին արտահանձնելու հայցը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով Բուտի փաստաբան Ալբերտ Դայանին:
Դայանն ասել է, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հիմնվում է կատարված հանցագործության լրջության վրա և պնդում է, որ չի ցանկանում ստեղծել անցանկալի միջադեպ:
Փաստաբանը նշել է, որ Մոսկվան արտահանձնման կրկնակի հայց կարող է ներկայացնել, երբ ԱՄՆ-ում դատապարտված Բուտը բանտարկության մեջ անցկացնի երկու տարի, կամ «տեղի ունենան այլ փոփոխություններ»:
Փաստաբանի կարծիքով` «այլ փոխոխություններ» ասելով ԱՄՆ արդարադատության նախարարությունը նկատի ունի գործի վերաբերյալ բողոքարկման գործընթացի ավարտը:
Հիշեցնենք, որ ապրիլին 45-ամյա ռուս գործարար Վիկտոր Բուտը ամերիկյան դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել Կոլումբիայի հեղափոխական ուժերին զենք մատակարարելու մեջ և դատապարտվել 25 տարվա ազատազրկման: Նա իրեն մեղավոր չի համարում:









































