ԱՄՆ-ի վերընտրված նախագահ Բարաք Օբաման այսօր` նախագահական ընտրություններից հետո, հանդես է եկել իր առաջին մեծ ելույթով: Այն նվիրված էր իր կողմից անցկացվելիք տնտեսական քաղաքականությանը: Օբաման, մասնավորապես, ներկայացրել է, թե ինչպես է պատրաստվում կանխել բյուջետային աղետը, որը կարող է առաջանալ պակասուրդի աճի պատճառով՝ հաղորդում է Reuters-ը:
Նախագահը հայտարարել է, որ հարուստ ամերիկացիներին սպասվում է հարկերի բարձրացում: Նրա խոսքերով՝ սա միակ միջոցն է, որը կարող է կրճատել բյուջեի կորուստները: Նախագահը նշել է, որ վետո կդնի ցանկացած օրինագծի վրա, որով կընդլայնվեն հարկային արտոնությունները նրանց համար, ովքեր տարեկան 250 հազար դոլար և ավելի եկամուտ են ունենում:
Բ. Օբաման նշել է, որ հակառակ դեպքում ֆիսկալային կորուստը կարող է տեղի ունենալ 2013թ.-ի հունվարին` այն բանից հետո, երբ պետական ծախսերը կկրճատվեն:
Ամերիկացի փորձագետների կանխատեսումներով, որոնց վրա հղում է կատարել Օբաման իր ելույթի ժամանակ, 2013թ.-ի սեպտեմբերին բյուջետային պակասուրդը կկրճատվի 503 մլրդ դոլարով, ինչը, սակայն, կառաջացնի մասսայական գործազրկություն և ԱՄՆ-ի տնտեսության 0,5%-ի կորուստ:
Օբաման նշել է, որ այդ բացասական հետևանքներից խուսափելու համար ինքը պատրաստ է համաձայնության գալ հանրապետականների հետ, սակայն ամբողջությամբ նրանց ծրագիրը ընդունել չի կարող:
Հիշեցնենք, որ հանրապետականները սկզբունքորեն դեմ են հասարակության ցանկացած խմբի հանդեպ հարկերը բարձրացնելու քաղաքականությանը:









































