Ինտերպոլը փնտրում է Ստրադիվարիուսի կեղծ ջութակի տիրոջը: Ջութակը ոստիկաններն առգրավել էին 2013 թվականին Տվերի մարզի գողերից: Այս մասին ասվում է Ռուսաստանի ՆԳՆ կայքում:
«Ջութակի փորձաքննությունն անցկացվել է Գլինկայի անվան երաժշտական մշակույթի համաշխարհային թանգարանային միավորումում: Համաձայն փորձագիտական եզրակացության՝ այդ ջութակը XIX դարի վերջի գերմանական արտադրության գործիք է»,- ասվում է հաղորդագրությունում:
Գերատեսչության տվյալներով՝ 2013-ին Տվերի մարզում կանխվել է հանցավոր խմբավորման գործունեությունը, որի անդամները մասնագիտացել էին բնակարանային գողության մեջ: Խմբի բոլոր մասնակիցների դեմ քրեական գործեր են հարուցվել:
Խմբի առաջնորդի բնակավայրի խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր երաժշտական գործիք, որը չի ունեցել լարեր, և որի ներքին մակերեսին թղթի վրա թողնված է եղել «Antonius Stradiuarius Cremonensis Faciebat Anno 1721» գրությունը:









































