Ուկրաինայի ընտրությունները և դրանց ազդեցությունը Արևելյան գործընկերության երկրների վրա թեմայով այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ տեսակապի միջոցով իր տեսակետը հայտնեց ուկրաինացի հասարակական գործիչ, իրավապաշտպան Ալեքսեյ Սոլդատենկոն:
Հայկական կողմից հարցեր հնչեցվեցին՝ ինչպե՞ս են վերաբերվում Հայաստանի կեցվածքին Մայդանի ամբողջ ընթացքում, ինչպես նաև հօգուտ Ղրիմի անեքսիայի քվեարկությանը, որևէ բան փոխվե՞ց, երբ երեկ երեկոյան Սերժ Սարգսյանը Պյոտոր Պորոշենկոյին շնորհավորեց ընտրվելու կապակցությամբ:
Ի պատասխան այս հարցադրումներին՝ Ալեքսեյ Սոլդատենկոն ասաց. «Միանշանակ կարող եմ ասել, որ Հայաստանի քվեարկությունը Ղրիմի անեքսիան պաշտպանելու հարցում Ուկրաինայի և Հայաստանի ժողովրդի հարաբերությունների վրա չի ազդի, և ոչ էլ Ուկրաինայի ու Հայաստանի հարաբերությունների վրա կանդրադառնա:
Ես չգիտեմ՝ մարդկանց քանի տոկոսը գիտի Հայաստանի այդ քվեարկության մասին, բայց ավելի շատ մարդ, վստահաբար, գիտի որ Մայդանի առաջին զոհը հայազգի Սերգեյ Նիգոյանն էր»:
Նա անդրադարձավ նաև Ուկրաինայի նորանշանակ նախագահ Պյոտոր Պորոշենկոյի այն հայտարարությանը, թե նա պատրաստվում է վաճառել իր ունեցվածքը՝ այլևս օլիգարխ չհամարվելու համար: «Իսկապես, նա նման հայտարարություն է արել, ասել է, որ կվաճառի ամենը՝ բացի հինգերորդ ալիքից (նա այդ ալիքի սեփականատերն է): Բայց նաև այդ հայտարարությանը դիմադրություն եղավ, և ես կարծում եմ, որ մոտ ապագայում այդ հարցն էլ կլուծվի, և այդ հեռուստաալիքն էլ Պորոշենկոն կվաճառի»,- ասաց իրավապաշտպանը:








































