Հայաստանի Առաջին հանրապետության պաշտպաններն այսօր մասնակցում են մի խաղի, որը կոչվում է «Հայաստան՝ երկիր անկանխատեսելի»:
Մայիսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքով՝ այսօր, չգիտես ինչու, սևացվում է Հայաստանի Երկրորդ հանրապետության դերը, ինչը կապված է այսօրվա քաղաքական մշակույթի հետ, և որն ինքնության դեմ մեծագույն ոճրագործություն է:
Մանուչարյանը նշեց, որ ամեն եկած կառավարիչ այսօր վերաշարադրում է պատմությունը՝ այն հարմարեցնելով ընթացիկ քաղաքական նպատակներին: Նրա խոսքով՝ այսօր Հայաստանը կարող է միմիայն իր վրա հույսը դնել, թեև հասկանալի է մարդկանց մտածելակերպը. տեսնում են՝ ինչ վիճակում են, և մտածում են՝ այս վիճակում կարող են դեռ ինչ-որ բան անե՞լ: Հետո հայտնվում է մեկը, երկուսը, երեքը… Պարզվում է՝ բոլորը մի ուրիշ որակի մարդիկ են:
Բանախոսն անդրադարձավ նաև Սփյուռքից Հայաստան եկող, այստեղ բնակվող զորակոչային տարիքի երիտասարդներին բանակից ազատելու հարցին, որը կառավարության օրակարգում է: Նրա խոսքով՝ սա կործանարար վիճակ է, հակառակը պիտի լինի. հիմա Սփյուռքից բոլոր հայ երիտասարդները պիտի գան՝ աղջիկներ ու տղաներ, և ոչ միայն Սփյուռքից, լինեն Արցախում:
«Ես չեմ ասում՝ առաջին գիծ տանեն, բայց պիտի սովորեն կրակել, երկիրը պաշտպանել: Հայաստանն այնպիսի երկիր է, որ հինգ տարեկան երեխան անգամ պիտի ռազմիկ լինի: Եթե այստեղ մտան այն արհավիրքի ուժերը, երեխան անգամ չի ապրելու: Ես չեմ ուզում վախեցնել, ուղղակի նշում եմ՝ եթե մենք այդպիսին եղանք, ինչպես նշեցի, մեզ վրա ոչ ոք չի հարձակվի»,- ասաց նա:
Մանուչարյանը նաև նշեց, որ ցանկացած անձ, որը սրտացավ է, ձեռքին զենք վերցնելով՝ կմտածի՝ ինքը պիտի գնա մականունավորների ունեցվա՞ծքը պաշտպանի: Ոչ, զենք ստացավ՝ գնալու է նրա ունեցվածքը վերցնի, հետո գնա, երկիրը պաշտպանի:
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հեռանկարներին անդրադառնալով՝ Մանուչարյանը նշեց, որ տարբեր կառույցներ առաջարկում են իրենց անդամակցությունը, որտեղ էլ որ մտնի հայը, պետք է մտնի սեփական կոնցեպցիայով: Մաքսային միությունը կարող է վերածվել հոյակապ մի բանի, կարող է լինել անհեթեթ մի բան:
Լուսանկարը՝ Photolure-ի





































