Բելառուսի Գոմել քաղաքում անարխսիտները Մինսկում հոկեյի աշխարհի առաջնության փակման օրը քաղաքի կենտրոնում բողոքի ակցիա են արել: Մայիսի 25-ին Գոմելում երկաթուղային կայարանի դիմաց տեղադրվել է «Բելառուսը՝ բռնարարքների աշխարհի չեմպիոն» գրությամբ բաններ և հրավառություն է արվել, հայտնում է RevBel.org պորտալը:
«Այս ակցիայով մենք ուզում էինք մեր համերաշխությունն ու աջակցությունը հայտնել հոկեյի աշխարհի առաջնությունից առաջ ու դրա ընթացքում ռեպրեսիաների ենթարկված բոլոր մարդկանց»,- պարզաբանում են չարտոնված ակցիայի կազմակերպիչները: Նրանց տվյալներով՝ Բելառուսում առաջնության ընթացքում ավելի քան 30 մարդ օրերով ազատազրկվել է կեղծ մեղադրանքներով:
Բացի դրանից՝ ակցիայի հեղինակները կարծում են, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «ոչ խելամտորեն է ծախսել» Բելառուսում աշխարհի առաջնության անցկացման համար բյուջեից հատկացված հսկայական միջոցները՝ «փորձելով հարգանք ձեռք բերել ոչ թե սեփական երկրի քաղաքացիների, այլ այնպիսիների, ինչպիսին ինքն է՝ այլ երկրների դիկտատորների շրջանում»: Ավելի լավ կլիներ՝ նա այդ միջոցները ծախսեր սոցիալական կարիքների վրա, վստահ են բողոքողները:
Ավելի վաղ «Խարտիա-97»-ը հայտնել էր, որ աշխարհի առաջնության նախօրեին Բելառուսի ոստիկանությունը ձերբակալում է տեղի ընդդիմության ակտիվիստներին:
Իսկ Լուկաշենկոն վստահ է, որ իր երկրում անցել է աշխարհի լավագույն առաջնությունը, իսկ ինքը ոչ մի բոյկոտից կամ պատժամիջոցից չէր վախենում: «Ինձ այդ խնդիրն ընդհանրապես չէր հուզում, բացարձակապես»,- ասել է նա:
«Ես հասկանում էի, որ մենք շատ ուժեղ ենք պատրաստել երկիրն ու մայրաքաղաքն այդ իրադարձությանը: Եվ երբ ասում էին, որ եթե աշխարհի առաջնությունը տեղի չունենա, այն մեկ ուրիշ վայր կտեղափոխեն, դա մեծ հարված կլինի Լուկաշենկոյի, նրա իմիջի համար, կարծես՝ հարված նրա գլխին, ես դա ծիծաղով էի ընդունում»,- ասել է Լուկաշենկոն:
«Երկրորդ՝ ես վստահ էի, որ ոչ ոք երբեք չի տեղափոխի աշխարհի առաջնությունը շատ պատճառներով, այդ թվում՝ ֆինանսական: Երրորդ՝ բոլորը հասկանում էին, որ մենք լավագույն աշխարհի առաջնությունը կկազմակերպենք… որը երբևէ եղել է պատմության ընթացքում: Ինձ բոյկոտում են տասնյակ տարիներ, իսկ գուցեև ավելի»,- նշել է Լուկաշենկոն:











































