ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը այսօր Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ նշեց, որ պետբյուջեով ոստիկանությանը հատկացված է եղել 30.8 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա հատկացումից ավելի է 5.1 միլիարդ դրամով. դրա մեծ մասը ծախսվել է հասարակական կարգի պահպանմանն ուղղված ծրագրի վրա: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, դիմելով Օսիկյանին, հիշեցրեց՝ նա հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ խոստացել է, որ երթևեկության կանոնների սանկցիաների համաչափության թիվը պետք է վերանայի և առաջարկություն ներկայացնի:
«Անցել է մոտ մեկ տարի, բայց ոչ մի ծրագիր չեք ներկայացրել, չե՞ք կարծում, որ բյուջե եք լցնում տույժերով ու տուգանքներով, իսկ տույժերի ու տուգանքների նպատակը բյուջե ձևավորելը չի, այլ խախտումներ կանխելը: Այդ տուգանքների գումարը ոչ մի կերպ համահունչ չէ ոչ նվազագույն աշխատավարձին, ոչ էլ միջին մակարդակի աշխատավարձին»,- ասաց նա:
Օսիկյանը նշեց, որ գանձվող գումարն էապես աճել է ոչ թե խախտումների թվի ավելացմամբ, այլ նոր սարքավորումների տեղադրմամբ. եթե նախկինում միան Երևանում էին տեսախցիկներ տեղադրված կամ, ասենք, 20 խաչմերուկում, հիմա ավելացել են տեսախցիկների տեղադրման վայրերը, և դրա հաշվին ավելացել են մուտքերը:
Անդրադառնալով վարչական իրավախախտումների համար գանձվող գումարների անհամաչափությանը՝ Օսիկյանը չհամաձայնեց Ջհանգիրյանի այն մտքի հետ, թե որոշ դեպքերում նախատեսված գումարը համապատասխան չէ: Նա նշեց, որ ընդհանրապես վարչական իրավախախտումների օրենքով որոշ դեպքերում բարձր է գումարը, որոշ դեպքերում՝ ցածր, դրանով պայմանավորված՝ վարչական իրավախախտումների օրենսգրքի վերաբերյալ նախագծեր են ներկայացրել ոստիկանապետին:










































