News Georgia-ի փոխանցմամբ` Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգալավային չեն թույլատրել ներկա գտնվել այսօր կառավարական գրասենյակում ընթացող նիստին: Այս մասին լրագրողներին հայտնել է հենց ինքը՝ Ուգուլավան:
Նա ընդգծել է, որ ինքը մտադիր է եղել քննարկել կառավարության կողմից քաղաքային սոցիալական նախագծերի ֆինանսավորման խնդիրը, սակայն իրեն հայտնել են, որ այդ հարցը չի ընդգրկվել նիստի օրակարգում և խնդրել են լքել շենքը: Նա հավելել է, որ ցանկացել է շուտափույթ լուծել այդ հարցը, ինչի համար եկել է կառավարական գրասենյակ, սակայն վարչապետը չի ցանկացել դիտարկել այդ հարցը:
Ուգուլավան զայրացած հայտարարել է, որ նման բան չի եղել անգամ այն ժամանակ, երբ երկրում նախագահում էր Էդուարդ Շևարդնաձեն:
Հիշեցնենք, որ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած կառավարությունը հոկտեմբերի 31-ին չեղյալ էր հայտարարել նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի կառավարության երեք հրամանները, որոնցով նախատեսվում էր Թբիլիսիի քաղաքապետարանին հատկացնել 21.95 միլիոն լարի (մոտ 13.2 միլիոն դոլար) հավելյալ ֆինանսավորում՝ սոցիալական ծրագրերի իրագործման համար:










































