ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանի և Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Իդրիս Բարզանիի` այսօր Էրբիլում կայացած հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների հաստատման և զարգացման հարցեր:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կողմերն անդրադարձել են փոխգործակցության ուղղություններին և հեռանկարային ոլորտներին: Երկուստեք արձանագրվել է, որ առկա են համագործակցության լայն հնարավորություններ`սկսած նավթագազային որոտից մինչև հայկական ապրանքատեսակների արտահանում իրաքյան շուկա:
Առանձնահատուկ կարևորվել է էներգետիկայի, տրանսպորտային հաղորդակցության ոլորտներում գործակցությունը: Կողմերը նշել են նաև փոխայցելությունների կարևորությունը, գործարար շփումների խրախուսումը, ինչպես նաև անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորումը:
Անդրադարձ է եղել Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքներին նաև Քուրդիստանի կառավարության ներկայացուցիչներին հաղորդակից դարձնելու հնարավորությանը:








































