Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբիերն Յագլանդն Ուկրաինայի ընտրությունները ճանաչել է կայացած և շնորհավորել Պյոտր Պորոշենկոյին: Այս մասին հայտնում է Interfax-ը:
«Շնորհավորում եմ ուկրաինացի ժողովրդին Ուկրաինայի նոր նախագահի ընտրության համար և Պյոտր Պորոշենկոյին՝ առաջին փուլում նրա աջակցությունը նվաճելու համար»,- ասվում է Յագլանդի հայտարարության մեջ:
Նրա խոսքով՝ նոր նախագահը կգործի վճռական՝ վերականգնելու երկրում խաղաղությունն ու ժողովրդավարությունը:
«Նա կարող է ակնկալել, որ Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային բարեփոխումների, մասնավորապես՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացում: Լիարժեք հարգանքը ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ ուկրաինացի ժողովրդի համար միակ միջոցն է՝ երաշխավորելու իրենց երկրի համար բարգավաճող և խաղաղ ապագա»,- ընդգծել է Յագլանդը:









































