Կատալոնական «Բարսելոնա»-ի նորեկ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, ով օրերս Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ից է տեղափոխվել Իսպանիայի գործող փոխչեմպիոնի կազմ, ընդգծել է, որ պետք է հաղթահարի պատասխանատվության ծանրությունը:
Հիշեցնենք, որ գերմանացի 22-ամյա դարպասապահը դիտարկվում է որպես Վիկտոր Վալդեսին փոխարինող, ով «Բարսելոնա»-ի գլխավոր թիմում հանդես է եկել սկսած 2002 թվականից:
«Մանկուց երազել եմ խաղալ «Բարսելոնա»-ում: Ես պատրաստ էի ընդունել միայն այս ակումբի առաջարկը: Իհարկե, ես տեղյակ եմ հնարավոր ճնշման մասին, որ կարող է գործադրվել ինձ վրա: Գիտեմ, որ երկրպագուները պահանջում են մեր հաղթանակը հնարավոր բոլոր մրցաշարերում, և ես կանեմ ամենը, որպեսզի մենք արդարացնենք սպասելիքները»,- Տեր Շտեգենի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:









































