Այս օրերին Մոսկվայում է գտնվում ԲՀԿ-ական-քոչարյանական թևի էլիտան, որի նպատակն առաջիկա նախագահական ընտրություններում վերջնական կողմնորոշվելն է: «Հրապարակ»-ի տեղեկություններով, նրանք փորձում են համոզել «ՀայՌուսգազարդի» նախկին տնօրեն Կարեն Կարապետյանին` համաձայնել դառնալ նախագահի թեկնածու կամ ստանձնել վարչապետի պաշտոնը: Սակայն թերթի մոսկովյան աղբյուրները տեղեկացնում են, որ Կարեն Կարապետյանը չի համաձայնում:
«Նա նման ամբիցիաներ երբեք չի ունեցել, մշտապես աշխատել է հեռու մնալ հայաստանյան քաղաքական դաշտից»,- տեղեկացրին «Հրապարակ»-ին: Քննարկվո՞ւմ է նման սցենար ԲՀԿ-ում, և ինչո՞ւ է մեկնել Ծառուկյանը Մոսկվա` թերթը հարցրեց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանին: «Պարոն Ծառուկյանի այցը Մոսկվա բացառապես պայմանավորված է մրցանակաբաշխությանը մասնակցությամբ. տեղյակ եք` նա հռչակվել է «Տարվա մարդ»` հայ-ռուսական հարաբերությունների բարեկամական, քաղաքական, տնտեսական, մշակութային ամրապնդման գծով: Եվ եթե պարոն Ծառուկյանի այցն ունենա պետական, քաղաքական, հասարակական այլ նշանակություն, մենք այդ մասին հավելյալ կտեղեկացնենք»,- ասաց նա:











































