Ամերիկացի զինվորականները կարող են շարունակել սիրիացի բանտարկյալ Աբու Վաել Դհիաբին հարկադրաբար կերակրել: Նա հացադուլ է անում Գուանտանամոյի բանտում: BBC-ի ռուսական ծառայության տեղեկացմամբ՝ այսպիսի վճիռ է կայացրել դատավոր Գլեդիս Քեսլերը:
Դատավորի որոշումը պայմանավորված է հացադուլավորի առողջական վիճակի կտրուկ վատացմամբ:
Վճռի տեքստում ասվում է, որ դատարանը «ընտրություն առանց ընտրության» վիճակում է՝ կամ երկարաձգել հարկադրաբար կերակրելու արգելքը, որը կարող հանգեցնել Դհիաբի մահվան, կամ բուժանձնակազմին թույլ տալ շարունակել կատարել պրոցեդուրա, որը «մեծ ցավի ու տառապանքի» գնով կպահպանի բանտարկյալի կյանքը:
Դհիաբին և այլ բանտարկյալների հանել են բանտախցերից, ուժով պահել են ու կերակրել քթի մեջ դրված խողովակով: Պաշտպանության կարծիքով՝ դա անօրինական է և վիրավորական:
Բազմիցս հացադուլ անող բանտարկյալներին ստիպողաբար կերակրելու պրակտիկայից հրաժարվելու կոչ են արել իրավապաշտպաններն ու Ամերիկյան բժշկական ասոցիացիան:





































