Turkish Weekly-ին նման վերնագրով հոդված է հրապարակել, որում ասվում է, որ Վանի բազմամշակութային պատմության մեծ մասը եկեղեցիների փլատակների տակ է և ցիրուցան գյուղերի մեջ: Վանի գավառի Շատախ գյուղաքաղաքում գործող քաղաքացիական ընկերություններից մեկը որոշել է այդ պատմությունը վերստին հանրայնացնել:
Çatak-Der ընկերակցությունը, որը ծավալում է բնապահանական և պատմական արժեքների պահպանման գործունեություն, համոզված է, որ պատմական վայրերի հայկական, քրդական և թուրքական անունների բնորոշումը պիտի նպաստի հանրության կողմից պատմության գնահատմանը:
Այս ծրագիրը ղեկավարում է Çatak-Der-ի նախագահը՝ Ալի Սուլամազը, որն իրեն համարում է Վանի շրջանի «ձուլված հայ ընտանիքի թոռ»: Նա երկար տարիներ արտասահմանում ապրելուց հետո 2010-ին է վերադարձել Թուրքիա: Մինչ օրս՝ նրա գլխավորած ընկերակցությունը հասցրել է ճշտել հայկական բազմաթիվ եկեղեցիների վայրերը:
«Մորս մեծ մայրը վերապրել է 1915-ի Ցեղասպանությունը, սակայն նրան ստիպել են կրոնափոխ լինել և մուսուլման դառնալ: Ես միշտ հիացել եմ հայկական արվեստով: Շուրջ վեց ամիս՝ անդադար շրջեցի Շատախի մերձակայքում, այցելեցի գրեթե բոլոր տեսարժան վայրերը: Ապա նախաձեռնեցի իմ հետազոտությունները և սկսեցի այդ աշխատանքի կազմակերպումը»,- ասել է 33-ամյա Սուլամազը: «Հայկական սրբավայրերի թալանը, ոչնչացումը ինձ իսկապես մեծ ցավ է պատճառում, և ես փորձեցի լուծում գտնել: Աշխատանքը տևեց շուրջ մեկ տարի, և մի շարք վայրերում մենք մեր առաքելության մեջ հաջողություն ունեցանք: Ամենայն բծախնդրությամբ համադրեցի հայ բարեկամների ձեռք բերած փաստագրական նյութերը և կարողացա ճշտել վայրերի անունները»,- ասել է նա:
Սուլամազն այժմ նախատեսում է վերականգնել այդ պատմական վայրերը, ինչը, նրա կարծիքով, պիտի նպաստի Շատախի հոգևոր և բնական զբոսաշրջությանը: Նա նաև ծրագրում է հետագայում զբոսաշրջության ուղեցույց հրատարակել:










































