ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաստատել է Ուկրաինայի հետ սահմանից ռուսական որոշ զինվորականների հեռանալը՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբիի խոսքով՝ հեռանում են «ոչ մեծ թվով» զինվորականներ:
«Մենք իսկապես տեսել ենք սահմանակից (Ուկրաինային) շրջաններից մի քանի ստորաբաժանումների տեղափոխությունը, ինչպես մենք կարծում ենք, նրանց մշտական տեղաբաշխման վայրեր»,- ասել է նա:
Պենտագոնում նաև տեսել են նշաններ, որ ավելի մեծ թվով զինվորականներ են պատրաստվում հեռանալ սահմանից: Սակայն, ինչպես նշեց Քիրբին, տասնյակ հազարավոր ռուս զինծառայողներ նախկինի պես մնում են սահմանակից տարածքներում:
Նրա խոսքով՝ սահմանի երկայնքով զգալի թվով ռուս զինվորականների ներկայությունը հանգեցնում է Ուկրաինայի արևելքում լարվածության սրման:
Ուրբաթ օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ Ուկրաինայի հետ սահմանային տարածքներից տեխնիկայի ու անձնակազմի վերատեղաբաշխման գործընթացը շարունակվում է: