Բրիտանացի ոստիկանները փնտրում են մոտոցիկլիստներին, ովքեր Լոնդոնի հյուսիսային մասում տեղակայված Brent Cross առևտրի կենտրոնի ոսկերչական խանութում թալան են կազմակերպել: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Տասնյակ գնորդների աչքի առաջ 5 հանցագործներ 3 մոտոցիկլետներով մտել են առևտրի կենտրոնի երկրորդ հարկ և կանգ առել Fraser Hart ոսկերչական խանութի մոտ: Այնուհետև մոտոցիկլետների ետևի նստարաններին նստած 3 հանցագործները զինվել են մահակներով և մեծ կացիններով ու սկսել կոտրել խանութի ցուցափեղկերը:
Մինչ երկու հանցագործները ցուցասեղաններից հավաքում էին թանկարժեք իրերը, մյուս 3-ը պարեկում էին մուտքի մոտ՝ իրենց մոտեցողներին սպառնալով կացնով:
Այնուհետև հանցագործները առանց խոչընդոտի նստել են իրենց մոտոցիկլետներն ու հեռացել՝ վախեցնելով առավոտյան շոփինգի սիրահարներին:
Դեպքից որոշ ժամանակ անց ոստիկանությունը հանցագործների մոտոցիկլետները հայտնաբերել է Միլ-Հիլ շրջանում՝ գոլֆի դաշտում լքված: Սակայն հանցագործներից որևէ մեկին ձերբակալել չի հաջողվել: Ի թիվս այլ զարդերի՝ նրանց գողոնում եղել են նաև Cartier և Rolex թանկարժեք ժամացույցներ:









































