Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են ուժեղացնել հսկողությունը մասնավոր մուսուլմանական կրոնական դպրոցների գործունեության նկատմամբ: Ինչպես հայտնում է «Նեզավիսիմայա գազետան»՝ բրիտանական մուսուլմանական դպրոցների ուսուցիչները ստուգում կանցնեն տեղի իրավապահ մարմիններում:
Նախկինում այդ հաստատություններն ունեին լիարժեք ինքնուրույնություն: Վերահսկողության ուժեղացման առիթ է դարձել ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը Բիրմինգեմում իսլամիստ ծայրահեղականների կողմից 6 պետական դպրոցների զավթման ծրագրի մասին, որն իրականացվում է 2007 թվականից և կրում է «Տրոյական ձի» անվանումը:
Վերահսկողությունը հաստատություններում կիրականացնի Փիթեր Կլարկը, որը Սկոտլանդ-Յարդի հակաահաբեկչական ստորաբաժանման նախկին ղեկավարն է:
Կառավարությունը վաղուց է ահազանգում, որ Մեծ Բրիտանիայի՝ ասիական կամ աֆրիկյան ծագմամբ երիտասարդ քաղաքացիները հայտնվում են ջիհադի գաղափարների ազդեցության տակ և գնում Սիրիա կռվելու:









































