Օրեր անց՝ մայիսի 23-ին, հանրապետության դպրոցներում կհնչի Վերջին զանգը: 2013-2014 ուսումնական տարում Երևանում 9-րդ դասարանի շրջանավարտները 6868-ն են, իսկ հատուկ և տարբեր ուղղվածություններ ունեցող միջնակարգ դպրոցների շրջանավարտները՝ 443-ը: Մայիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը տեղեկացրեց, որ հիմնական դպրոցի ու ավագ դպրոցի շրջանավարտներին հրավիրում են Ազատության հրապարակ մայիսի 23-ին՝ 19:00-ին:
«Նախատեսված է ուրախ ծրագիր լավագույն ստեղծագործողների մասնակցությամբ: Կարծում եմ՝ Ազատության հրապարակ կայցելեն, ուրախ ծրագիր կլինի, կլինի օրհնության խոսք, քաղաքապետի ու կրթության նախարարի ուղերձները: Մենք ճանապարհ ենք հարթելու աշակերտների համար դեպի մեծ կյանք»,- ասաց նա: Քաղաքապետի տեղակալը կոչ արեց, որ խնջույքները տեղափոխվեն քննություններից հետո, բուն վերջին զանգի օրը խնջույքներ չանեն:
Անդրադառնալով դպրոցներում դրամահավաքության դեպքերին ու ահազանգերին՝ Սուքիասյանը նշեց, որ շրջաբերական է ուղարկվել բոլոր դպրոցներին՝ հորդորելով կանխել դրամահավաքությունը. այն պատժելի է: Արդեն իսկ մի քանի տնօրեններ կարգապահական պատժի են ենթարկվել: «Խնդիրը խիստ է դրված: Մենք ունեցել ենք 4 զանգ, որից երկուսը չի համապատասխանել իրականությանը»,- ասաց նա:









































